Ինչպես պաշտպանվել շոգից. խորհուրդներ բժշկից

Ամռան շոգից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս Ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը․

Ջրի կարևորություն

Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։

Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։

Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։

Արևից պաշտպանություն

11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից։

Օգտագործե՛ք լայնեզր գլխարկ, արևապաշտպան ակնոց, բաց գույնի և թեթև հագուստ։

Մաշկի բաց հատվածների վրա կիրառե՛ք արևապաշտպան քսուք՝ SPF 30 և ավելի։

Մի՛ թողեք երեխաներին կամ տարեցներին մեքենայի մեջ՝ նույնիսկ կարճ ժամանակով։

Սնունդ և հիգիենա

Սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է առավել ուշադիր լինել սննդամթերքի պահպանման հարցում: Խուսափե՛ք կիսաեփ կամ փողոցային կասկածելի սննդից, ձեռքերը հաճախակի լվացե՛ք, հատկապես՝ ուտելուց առաջ, ինչպես նաև սննդամթերքն օգտագործելուց առաջ լավ լվացե՛ք հոսող ջրով:

Մոծակներից պաշտպանություն

Օգտագործե՛ք մաշկի վրա կիրառվող պաշտպանիչ միջոցներ, պատուհաններին` ցանցեր։

Խուսափե՛ք ջրափոսերի կամ լճակների մոտ բացօթյա գիշերելուց. մոծակները հատկապես բազմանում են այդ վայրերում։

Երբ դիմել բժշկի

Ուժեղ թուլությունը, գլխապտույտը, սրտխփոցը, շնչահեղձությունը կամ սրտխառնոցը շոգ օրերին կարող է ջերմային հարվածի կամ ջրազրկման պատճառ լինել։ Անհապաղ դիմե՛ք բժշկի։