Մենք դիմումներ կգրենք և սեպտեմբերի 1-ին դպրոց չենք ներկայանա. Պուշկինի դպրոցի անձնակազմի բողոքի ակցիան
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի մանկավարժական անձնակազմը և ծնողական համայնքը այսօր՝ հուլիսի 28–ին ակցիա են կազմակերպել քաղաքապետարանի դիմաց։ Նրանք խնդրում են քաղաքապետարանից դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում անփոփոխ թողնել Զառա Բարսեղյանին։
Դպրոցի փոխտնօրեն Ռոզա Զաքարյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Մենք ուրբաթ լրատվամիջոցներից տեղեկացանք այն մասին որ 122 դպրոցի տնօրենը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից և նշանակվել Պուշկինի դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Սա մեզ համար անակնկալ էր, քանի որ երկու ամիս առաջ քաղաքապետի տեղակալը և հանրակրթության վարչության պետը բազմաթիվ անձանց, ինչպես նաև լրատվամիջոցների առջև ասացին, որ ոչ մի նպատակ և պլաններ չունեն ժամանակավոր պաշտոնակատարին փոխելու։ Ուսուցչական անձնակազմը և ծնողները անհանգստացած են, քանի որ դպրոցը նոր ուսումնական տարվա նախաշեմին է, և ուսուցիչները անարդարությունից լցված ասում են՝ մենք դիմումներ կգրենք և սեպտեմբերի 1-ին դպրոց չենք ներկայանա։ Ես ինչպես հասկացա, ծնողներն էլ հրաժարվում են երեխաներին բերել դպրոց։
Մենք նամակ ունենք Տիգրան Ավինյանին և խնդրում ենք, որ Զառա Բարսեղյանի լիազորությունները թողնի անփոփոխ»,–ասաց նա։

