Կախա Կալաձեն հաստատել է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մտադրությունը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն հաստատել է, որ երրորդ անգամ է առաջադրվելու քաղաքապետի պաշտոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

«Ես քաղաքի գործող քաղաքապետն եմ, մասնակցելու եմ ընտրություններին։ Վարչապետը նույնպես բացահայտ խոսել է այս մասին»,- ասել է Կալաձեն՝ հավելելով, որ իր կուսակցությունը՝ «Վրացական երազանքը» շուտով կսկսի նախընտրական քարոզարշավը։

Նա հայտնել է, որ մոտ ապագայում կլինի պաշտոնական ներկայացում, որից հետո կուսակցության կողմից կհայտարարվեն մեծամասնական պատգամավորների թեկնածուների անունները՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ ամբողջ երկրում։

«Մենք արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները և շատ շուտով կբացենք ընտրարշավը, որը կանցնի ակտիվ փուլ»,- նշել է Կախա Կալաձեն։

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունները կկայանան 2025 թվականի հոկտեմբերի 4-ին։ Ընտրություններում կարող են քվեարկել միայն Թբիլիսիում գրանցված Վրաստանի քաղաքացիները։