Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է իր հրաժարականի մասին, ինչը նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի կառավարությունում սպասվող խոշոր վերադասավորումների առաջին պաշտոնական քայլն է, որը կարող է ներառել նաև Վաշինգտոնում երկրի դեսպանի փոփոխություն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնը առաջարկել է 39-ամյա Յուլիա Սվիրիդենկոյին, ով ներկայումս փոխվարչապետ է և երկրի առաջին կին էկոնոմիկայի նախարարը։

«Սվիրիդենկոն կարևոր դեր է խաղացել ԱՄՆ-Ուկրաինա հանքային պաշարների մասին համաձայնագրի բանակցություններում։ Նա հաճախ է ներկայացրել Ուկրաինան արևմտյան գործընկերների հետ բարձր մակարդակի բանակցություններում՝ կենտրոնանալով պաշտպանական համագործակցության, տնտեսական վերականգնման և վերակառուցման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի խորհրդարանը Շմիգալի կառավարության հրաժարականի հարցով քվեարկելու է չորեքշաբթի օրը։