Յոթ կազմակերպության թույլատրվել է ծաղիկ արտահանել Ռուսաստան
Այս պահին ունենք արդեն 7 կազմակերպություն, որոնց համատեղ տեսչական վերահսկողությունից հետո թույլատրվել է արտահանում դեպի ՌԴ։ Մյուս տնտեսություններում միջոցառումները շարունակվում են: Այս մասին հայտնեցին ՍԱՏՄ-ից։
«Տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ մեր գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), հետ համատեղ: Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը»,-հայտնում են ՍԱՏՄ-ից։
Առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» արգելել է Հայաստանի տարածքով երրորդ երկրներից ծաղիկների ներկրումը` դրանցում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով։ Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչություն՝ համալիր միջոցառումներ ձեռնարկելու և մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու խնդրանքով։

