Եվրոպայի ղեկավարները փորձում են կրկին ոտքի հանել այն Ռուսաստանի դեմ պատերազմի համար. Լավրով
Եվրոպայի ներկայիս ղեկավարները մոռացել են պատմության դասերը և փորձում են կրկին ոտքի հանել այն Ռուսաստանի դեմ պատերազմի համար։ Այս մասին Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի գծով միջոցառումներին մասնակցության արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ե՛վ Բեռլինի, և՛ Փարիզի, և՛ Լոնդոնի վերջին հայտարարություններն ու գործողությունները վկայում են այն մասին, որ քաղաքական գործիչների ներկայիս դասը, որն իշխանության է եկել այս և մի շարք այլ երկրներում, մոռացել է պատմության դասերը, մոռացել է այն եզրահանգումների մասին, որոնք ողջ մարդկությունն արել է պատմության այդ դասերից, և, ըստ էության, փորձում է կրկին ոտքի հանել Եվրոպան ոչ թե արդեն հիբրիդային, այլ Ռուսաստանի դեմ պատերազմի համար», – ասել է Լավրովը՝ մեկնաբանելով ԳՖՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը, որն ասել էր, թե ուկրաինական հակամարտության կարգավորման դիվանագիտական միջոցները սպառվել են։
«Ինչ վերաբերում է պարոն Մերցին, նա մեկ անգամ չէ, որ զվարճալի բաներ է ասել, այդ թվում՝ հայտարարել է, որ իր գլխավոր նպատակն է կրկին Գերմանիան դարձնել Եվրոպայի առաջատար ռազմական տերություն։ «Կրկին» բառն արտաբերելիս նրա շունչն անգամ չկտրվեց», – նկատել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը ուշադրություն է հրավիրել նաև Մերցի այլ արտահայտությունների վրա. «Նա նաև այնպիսի բաներ է ասել, թե՝ թող Իսրայելն աշխատի Իրանում, նա մեր փոխարեն կեղտոտ գործն է անում»։ «Սա ևս համակենտրոնացման ճամբարների տերերի մեջբերում է, երբ նրանք նախընտրում էին կոլաբորացիոնիստներին օգտագործել հրեաներին ոչնչացնելու համար, որպեսզի իրենք ձեռքերը չկեղտոտեն՝ հասկանալով, որ դա կեղտոտ գործ է», – փաստել է Լավրովը։

