Դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել. ՀՅԴ

Սիրելի հայրենակիցներ, հայտնում ենք, որ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը։

«Առգրաված բոլոր զենքերը օրինական են։ Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,–ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի և «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։