Ռուսաստանը ողջունում է Աբու Դաբիում ընթացող հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները. Պեսկով
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը, ՌուսաստանՆ աջակցում է այս գործընթացին։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը։ Հենց նման պայմանագրի ստորագրումն է դառնալու շատ կարևոր գործոն, որը տարածաշրջանին կավելացնի կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն։ Մենք լիովին աջակցում ենք այս գործընթացին»,– լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում այն փաստը, որ Բաքվում և Երևանում բանակցային գործընթացը հնարավորինս մոտեցել է խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

