Այսօր ակադեմիկոս Լևոն Օրբելու ծննդյան օրն է
Մեծ ֆիզիոլոգ Լևոն Օրբելին ծնվել է 1882թ. հուլիսի 7-ին Ծաղկաձորում՝ հայտնի իրավաբան Աբգար Հովսեփի Օրբելու ընտանիքում։
Նրա անվան հետ են կապված ուղեղի գործունեության նոր օրինաչափությունների և նրա կարգավորիչ ազդեցությունների հայտնագործությունները, վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառում հիմնարար հայտնագործությունները։ Լևոն Աբգարովիչը էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի նոր ուղղություն է ստեղծել, համարվում է ավիացիոն և տիեզերական բժշկագիտության հիմնադիրը։
Բոլոր նրանք, ովքեր շփվել են անզուգական հմայքի տեր մեծ գիտնականի հետ, անմոռաց հիշողություններ ունեն նրա բարձր մարդկային առաքինությունների` շիտակության, բացարձակ ազնվության, սկզբունքայնության մասին: Նա բացառիկ հմայիչ և շռայլ հոգու տեր մարդ էր:
Լևոն Օրբելու բնավորության բնորոշ կողմերից մեկը ձգտումն էր՝ օգնել մարդկանց ոչ միայն գիտության մեջ, այլև առօրյա հոգսերում, և կարևոր չէր՝ ինքը ճանաչում է այդ մարդուն, թե՝ ոչ: Դժվար է քիչ բառերով տալ պատկերացում այնպիսի Մեծ մարդու մասին, ինչպիսին էր Օրբելին:
Մեծ հումանիստը իր անձնական խնայողություններից դրամական միջոցներով օգնում էր ակադեմիայի ունկնդիրներին, Հայաստանից ուսանելու մեկնած ասպիրանտներին և բոլորովին անծանոթ մարդկանց։
Օրբելի եղբայրների տուն-թանգարանը հինադրվել և գործում է այն տանը, որտեղ ծնվել է Լևոն Օրբելին:

