Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել մի պարզ հարցի. փաստաբան
«Իրավապահներին մեկ անգամ ևս խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու կրկին անգամ պատասխանել մի պարզ հարցի – իրենք հանցագործ են թե չէ:
Պարզաբանեմ – քրեական վարույթը նախաձեռնվել 2024 փետրվարի սույն քննարկման առիթով:
Եթե քրեական վարույթը նախաձեռնվում է 1.5 տարի անց, դա նշանակում է, որ իրավապահ համակարգում նստած են հանցագործներ, ովքեր մեկուկես տարի ոչինչ չեն արել:
Կա նաև երկրորդ տարբերակ, որ իրավապահները գործել են բարեխղճորեն, չեն արձանագրել հանցագործություն և հիմա անհրաժեշտ ա միմչայն վերահաստատել իրենց դիրքորոշումը:
Հ.Գ. Լավ կլինի մեկ անգամ ևս լսենք այս բարոյապրատական դասերը և ինչպես ասում է Սրբազան Հայրը ախտորոշենք մեր հիվանդությունը»,- գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը և հրապարակել է Միքայել Սրբազանի հարցազրույցի տեսանյութը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը առաջնորդարանում չէ, նա Էջմիածնում է, որտեղ մասնակցում է Քահանայից ժողովին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի դեմ քրեական գործ է հարուցվել։
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։
Քննչական կոմիտեի քննիչը Միքայել Սրբազանին ձերբակալելու որոշում ունի։

