Միայն թուրքն էր ուզում ինձ ձերբակալել, եթե այստեղ ինձ պետք է ձերբակալեն, ուրեմն իրենք էլ են թուրք. Դադիվանքի վանահայր
«Ես կարծում եմ միայն թուրքն էր ուզում ինձ ձերբակալել, եթե այստեղ ինձ պետք է ձերբակալեն, ուրեմն իրենք էլ են թուրք»,- այսօր՝ հունիսի 27-ին, Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
«Ես ոչ մեկից չեմ վախենում, 2018-ից ասել եմ այն, ինչ ասում եմ այսօր. եկեք ճիշտ խոսենք, սևին սև ասենք, սպիտակին՝ սպիտակ։ Այսօր Արցախի 100-ից ավելի գործող եկեղեցիներ և վանքեր այսօրվա իշխանությունը, ՀՀ առաջնորդը մատուցել է թշնամուն, և ինքը չի պատժվում, ո՞ւր է մեր հայ ժողովուրդը, ինչո՞ւ չի տեսնում այս ամենը։
Այսօր էլ արդեն հարձակվել են Հայ Առաքելական սուրբ եկեղեցու վրա, ուրեմն թշնամին մեր մեջ է, ոչ թե դրսում։ Եկեք արդար լինենք՝ այսօր Վեհափառի անձը չէ, այլ ամենայն Հայոց Կաթողիկոս»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը առաջնորդարանում չէ, նա Էջմիածնում է, որտեղ մասնակցում է Քահանայից ժողովին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի դեմ քրեական գործ է հարուցվել։
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։
Քննչական կոմիտեի քննիչը Միքայել Սրբազանին ձերբակալելու որոշում ունի։

