Գուցե վաղը կարողանաք հանգիստ խղճով նայել Ձեր վերադասի աչքերին, բայց շատ ավելի դժվար կլինի նայել Ձեր բնակիչների աչքերին. Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը` Գարիկ Սարգսյանին
Ցավով ականատես եղանք, որ այսօր Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը շտապել է միանալ իր քաղաքական թիմի արշավին՝ ընդդեմ Եկեղեցու, և թույլ է տվել արտահայտություն, որը անհարիր է պետական պաշտոնյային և պարզ հայ մարդուն։ Այդ գրառմամբ նա վիրավորել է ոչ միայն ՀՀ հիմնադիր Նախագահին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այլ, առաջին հերթին, հարված է հասցրել իր իսկ արժանապատվությանը և հեղինակությանը։ Ովքեր ճանաչում են Գարիկ Սարգսյանին, անկեղծորեն կվկայեն, որ այս խոսքը, հավանաբար, նրա անձնական միտքը չէ։
Դատելով նրա նախկին հայրենասիրական ելույթներից և հրապարակային վարքից՝ միամիտ կլիներ կարծել, թե այս տոնն ու արտահայտչաձևը նրան բնորոշ են։ Գրառումն ավելի շատ հիշեցնում է պարտադրված քայլ՝ վերադասի հրահանգով։ Կարծում եմ՝ միշտ պետք է հիշել Եկեղեցու հայրերից մեզ ժառանգված այս իմաստությունը. «Խոսելու համար շատ եմ զղջացել, լռելու համար՝ երբեք»։

