Գերմանիայի կանցլերը կոչ է արել ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա՝ ԱՄՆ-ին հորդորելով միանալ նոր պատժամիջոցներ սահմանելու Եվրամիության մոտեցմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մերցը հայտարարել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած ասուլիսում։
«Մենք պետք է մեծացնենք Մոսկվայի վրա տնտեսական ճնշման մակարդակը։ Եվրամիությունը զբաղվում է դրանով և հունիսի 26-ին վերջապես ընթացք կտա պատժամիջոցների 18-րդ փաթեթին։ Սակայն միայն դա բավարար չի լինի․ կարիք ունենք ԱՄՆ-ի ավելի ակտիվ մասնակցությանը պատժամիջոցներին»,- նշել է Մերցը։
Հիշեցնելով, որ ԱՄՆ Սենատն առաջիկա օրերին քվեարկելու է հակառուսական պատժամիջոցների մասին օրինագծի վերաբերյալ՝ Մերցը հայտնել է, որ այս գագաթնաժողովի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է անձամբ հաստատել Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումները։
Գերմանիայի ղեկավարի կարծիքով, Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը ուկրաինական ճգնաժամը լուծելու միակ միջոցն է։ Նա գտնում է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի։
Հունիսի 23-ին հունգարական 24.hu կայքը, հղում կատարելով երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյին, հաղորդել էր, որ Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը։
Իսկ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Արիաննա Պոդեստան հունիսի 24-ին հայտարարել էր, որ այդ կառույցը ներկայացրել է ռուսական նավթի գների «առաստաղի» հետագա իջեցման առաջարկ, որը ԵՄ երկրների ղեկավարներին է ներկայացվելու հունիսի 26-27-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

