Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարություն է արել լրատվամիջոցների համար Հոլոնում ուղիղ հրթիռային հարվածի վայրում՝ սպառնալով սպանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին։ Այս մասին գրում է ynetnews.com-ը:
Նրա խոսքով՝ «Խամենեիի՝ մերօրյա Հիտլերի վերացումը՝ Իսրայելի ռազմական գործողության նպատակներից մեկն է»:
«Խամենեիի պես բռնապետը, որը ղեկավարում է Իրանը և իր դրոշի վրա փորագրել է Իսրայելի ոչնչացումը, չի կարող շարունակել իր գոյությունը», – ասել է Իսրայել Կացը։
Կացը հավելել է, որ Խամենեին «մեծ գաղափարախոսական ազդեցություն ունի, նա իր բոլոր ռեսուրսներն օգտագործում է այդ գործի համար»:
«Եվ այսօր մենք տեսնում ենք ապացույցներ, որ նա հրաման է տալիս կրակել հիվանդանոցների վրա: Մենք տեսնում ենք, որ նա չպետք է լինի օրակարգում», – ասել է Կացը:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 9 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։ Սպանվել են նաև 6 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ՝ գեներալներ Գոլամռեզա Մեհրաբին և Մեհդի Ռաբանին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։ Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։

