Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած լարվածությունը խոչընդոտեց բնական հաղորդակցությանը․ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակը, անդրադառնալով լրագրողների հետ այսօրվա ընդհատված հանդիպմանը (նախարարը կիսատ թողեց ճեպազրույցը և հեռացավ), ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Համագործակցությունը լրատվամիջոցների հետ եղել և մնում է Արդարադատության նախարարության առանցքային առաջնահերթություններից։

Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորում է լրատվամիջոցների դերը՝ որպես հանրային կյանքի, ժողովրդավարության և իրավական գործընթացների կարևոր գործընկեր։

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած լարվածությունը, ցավոք, խոչընդոտեց բնական և կառուցողական հաղորդակցությանը։

Նախարարությունը վստահ է, որ պետական մարմինների և լրատվամիջոցների համագործակցությունն առավել արդյունավետ է, երբ հիմնված է փոխադարձ հարգանքի և լսելու պատրաստակամության վրա։

Հիշեցնում ենք, որ նախարարությունը բաց է երկխոսության համար և պատրաստ է ապահովել անհրաժեշտ ձևաչափեր՝ գործընկերային մթնոլորտի և արդյունավետ հաղորդակցության շարունակականության համար»,-գրել է խոսնակ Մարիամ Մելքումյանը։