Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ներկայացրել է մի շարք հաղորդումներ ՀՀ դատախազություն՝ սոցիալական տարբեր ցանցերում տարածվող ատելության խոսքի վերաբերյալ
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը անհրաժեշտ է համարել անդրադառնալ ՀՀ իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջում հրապարակված ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի գրառմանը, որը վերաբերում է Արցախի պետական ինստիտուտներին և մեր հայրենակիցներին։ Մտահոգիչ են նշյալ հրապարակման տակ հնչող ատելության խոսքեր, որոնք, մեր գնահատմամբ, պարունակում են հակաօրինական բովանդակություն։
https://www.facebook.com/share/1CJxVD7C2s/?mibextid=wwXIfr
Անշուշտ, յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, անգամ եթե դա իր մեջ ներառում է որոշ տերմիններ, ինչպիսին է «սեպարատիստական կառույցներ»-ը, որին չենք կարող չանդրադառնալ՝ որպես վիրավորական և հասարակության մեջ պառակտում սերմանող երևույթ։ Մեզ համար մտահոգիչ է, որ այդ վերահսկվող էջի մեկնաբանություններում թույլատրվում են արցախցիների դեմ ուղղված ատելության, թշնամանքի, վիրավորանքների և բռնության հորդորների տարածումը։
Արցախցիների նկատմամբ նման վերաբերմունքը մենք չենք կարող հանդուրժել։ Խորհուրդը հետևողականորեն պայքարելու է ատելության խոսքի տարածման դեմ, որը համարում ենք հակասահմանադրական և օրենքի սահմանները խախտող երևույթ։
Ապրիլ ամսից ի վեր Խորհուրդը ներկայացրել է մի շարք հաղորդումներ ՀՀ դատախազություն՝ սոցիալական տարբեր ցանցերում տարածվող ատելության խոսքի վերաբերյալ։ Այս պահի դրությամբ մի քանի հաղորդման հիման վրա քրեական գործեր են հարուցվել։
Այս պարագայում ևս դիմելու ենք ՀՀ դատախազությանը և ՀՀ իրավապահ մարմիններին՝ նմանատիպ դեպքերի նկատմամբ անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկելու կոչով։ Իրավապահ մարմինների լռությունն այս պարագայում կարող է դիտարկվել որպես թողտվություն և արդարացում նման երևույթների։
Գրությանը կցված են մի շարք սքրինշոթեր՝ նշված գրառման մեկնաբանություններից, որոնք պետք է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։

