Թեհրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Քոուսարին հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելի հարձակումներից հետո դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Rokna գործակալությունը՝ մեջբերելով իրանցի պաշտոնյայի հայտարարությունը։

«Այժմ քննարկվում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, և Իրանն առանց վարանելու համապատասխան որոշում կկայացնի», – ասել է Իսմայիլ Քոուսարին։

Նշենք, որ Հորմուզի նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինը՝ Արաբական Միացյալ Էմիրություններին և մի փոքր մասը՝ Օմանին։

Հորմուզի նեղուցի անցանելիությունը մեծ նշանակություն ունի, քանի որ նրանով է անցնում հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների շուրջ 30%-ը և նավթի ու նավթամթերքի համաշխարհային արտահանման՝ շուրջ 20%-ը։