Իսրայելը նախապես Իրանի ներսում անօդաչուների գաղտնի կայան էր հիմնել
Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումից տևական ժամանակ առաջ Իսրայելի հետախուզությունը Իրանի ներսում անօդաչու սարքերի կայան էր հիմնել:
Այդ մասին գրում են իսրայելական Haaretz և Ynet պարբերականները` վկայակոչելով անվտանգության ուժերի իրենց աղբյուրները, փոխանցում է РБК-ն:
Ըստ իսրայելական պորտալների՝ Իսրայելի հետախուզությունը՝ «Մոսադ»-ը, գաղտնի անօդաչու թռչող սարքերի բազա է ստեղծել Իրանի հենց կենտրոնում և հունիսի 13-ի գիշերը կիրառել այն ռազմական ու միջուկային օբյեկտների վրա հարվածելու համար։
Իսրայելացի լրտեսները նախապես պայթուցիկներով բեռնավորված անօդաչուներ են տեղափոխել Իրան և տեղադրել դրանք ուղղակիորեն՝ իրանական զենիթահրթիռային համալիրների և Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտի մոտ։
Բացի դրանից, ըստ աղբյուրների, Իրանի կենտրոնական մասում «Մոսադը» նախապես տեղակայել էր «բարձր ճշգրտության զենքի» համակարգեր և գաղտնի կերպով Իրան էր ներմուծել ՀՕՊ-ի միջոցների դեմ կիրառվող սպառազինություն: Պարբերականները պնդում են, որ այդ միջոցները հարձակման սկզբում ոչնչացրել են Իրանի ՀՕՊ համակարգերը:

