Մենք հիմա խնդիր չունենք մեր առջև՝ վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում. Փաշինյան

Մենք հիմա խնդիր չունենք մեր առջև՝ վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում։ Այս մասին այսօր՝ հունիսի 13–ին, Չեխիայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է «Ազատությունը»։

«Գիտեք, որ մենք բարդ իրավիճակ ունենք մեր տարածաշրջանում։ Դուք նշեցիք, Հայաստանում ռուսական զորքերի առկայության մասին։ Բայց ես կուզեմ նշել, որ Հայաստանում է նաև Եվրոպական դիտորդական առաքելությունը, որը մոնիտորինգ է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակը։ Եվ մյուս կողմից՝ անցած տարում մենք նվազեցրինք ռուսական զորքերի ներկայաության աստիճանը, բայց մյուս կողմից մենք հիմա խնդիր չունենք մեր աջև դրված վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում։ Մենք ունենք այլ խնդիր՝ կարողանալ տարածաշրջանի երկրների հետ հարատև և կայուն խաղաղություն հաստատել, – ընդգծել է Փաշինյանը։

Նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ հիմա ժամանակն է՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը:

«Մենք քննարկումների մեջ ենք Ադրբեջանի հետ, թե ինչպես հասնել այդ կետին և ստորագրել խաղաղության պայմանագիրը», – հավելել է նա։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պահանջներ առաջ քաշում։