Օֆշորները հայաստանյան դրամական փոխանցումներում. ԿԲ-ն հրապարակում է միայն ֆիզիկական անձանց փոխանցումները․ «Հետք»
«Հետք»-ը գրում է․
«2024 թվականին Մեն կղզուց և Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների կտրուկ աճ է գրանցվել։
Մասնավորապես, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, Մեն կղզուց Հայաստան է փոխանցվել մոտ 117 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 6 անգամ, իսկ ԱՄԷ-ից՝ 116 մլն դոլար, աճը՝ 56%։
Դեպի Հայաստան դրամական փոխանցումների վիճակագրության մեջ Մեն կղզուն և ԱՄԷ-ին միավորում է փաստը, որ ի թիվս այլ երկրների, այս երկու երկիրը Հայաստանի կողմից նախ ճանաչվել են որպես օֆշորային գոտիներ (2017թ.), հետո՝ որպես հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներ (2018թ.)։
Օֆշորներից Հայաստան հոսող գումարները. իրավաբանական անձանց փոխանցումները չեն հրապարակվում
Հայ գործարարներն ու պաշտոնյաները բազմաթիվ բիզնեսներ և անշարժ գույք ունեն օֆշորային գոտիներում։ «Հետք»-ը նրանց մասին պարբերաբար գրում է։
Այդ պետություններում կամ տարածքներում օտարերկրյա ընկերությունների համար սահմանված են մեղմ հարկային պայմաններ, թույլ վերահսկողություն, գաղտնիության բարձր մակարդակ, դյուրին գրանցում և այլն։
Չնայած օֆշորային գոտիներն ինքնին անօրինական չեն, սակայն այս գոտիները հաճախ օգտագործվում են հարկային բեռը նվազեցնելու, որոշ կանոնակարգերից խուսափելու, ինչպես նաև՝ փողերի լվացման համար։
Հայաստանի կենտրոնական բանկից փորձեցինք պարզել, թե Հայաստանից իրավաբանական անձինք որքան գումար են ուղարկում օֆշորային գոտիներ համարվող երկրներ և որքան են ստանում։ Ինչպես այս, այնպես էլ մյուս երկրների դեպքում պարզվում է՝ ԿԲ-ն չի հրապարակում իրավաբանական անձանց դրամական փոխանցումների վիճակագրություն։
Ավելի վաղ ևս փորձել ենք ստանալ իրավաբանական անձանց փոխանցումների տվյալներ, սակայն ԿԲ-ից պարզաբանել են, որ նման ամբողջական վիճակագրություն չի վարվում և չի հրապարակվում։
Փոխարենը օֆշորային երկրների կամ աշխարհագրական տարածքների մի մասը հայտնվել են ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից դեպի արտերկիր և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումների վիճակագրության մեջ։ Կամ ինչպես ավելի տարածված է ասել՝ տրանսֆերտների վիճակագրության մեջ։
Վիճակագրական ցանկերը տրամադրում է Կենտրոնական բանկը։
Օֆշորային գոտի եզրույթը երբեմն կառավարությունները փոխարինում են հարկման ազատական համակարգեր ունեցող երկրներ, «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր ունեցող երկրներ և այլ անվանումներով։ Ցանկերը սահմանվում են տարբեր միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների կողմից՝ իրենց հարկային և ֆինանսական վերահսկման նպատակներով։
Հարկերի վճարումից խուսափելու ռիսկերը կառավարելու նպատակով Հայաստանի կառավարության 2017 թվականին սահմանվել է Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների) ցանկը։ Սկզբում այդ ցանկը կոչվում էր օֆշորային գոտիների ցանկ, վերանվանվել է 2018-ին։ Ֆինանսների նախարարությունից շեշտում են, որ ցանկը կիրառվում է միայն հարկային որոշ հարաբերությունների կարգավորման նպատակով։
Այսպիսով, ելնելով այդ ցանկից, տեսնում ենք, որ հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների կազմում հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներից տեղ են գտել Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբանանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Մեն կղզին։
Ի սկզբանե՝ 2017 թվականի դրությամբ, ցանկում ներառվել են նաև Իռլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը և Շվեյցարիան։ 2018 թվականին կատարված փոփոխություններով նշված երկրներն արդեն դուրս են եկել այդ ցանկից։ Քանի որ մեր առանձնացրած վիճակագրությունը ներառում է 2014 թվականից կատարվող փոխանցումները, ինֆոգրաֆիկայում վերապահումներով ներառել ենք նաև ֆիզիկական անձանց փոխանցումներն այս երկրների հետ։
2024 թվականի տվյալներով ցանկը գլխավորում են Շվեյցարիան, Մեն կղզին և ԱՄԷ-ն։ Եթե հաշվի առնենք, որ Շվեյցարիան արդեն չի համարվում օֆշորային՝ հարկման հատուկ ազատական համակարգ ունեցող, ապա առաջին տեղում ԱՄԷ-ն է։
Իռալանդիայից, Կիպրոսից, Սինգապուրից և Լյուքսեմբուրգից կատարվող դրամական փոխանցումները ավելի «համեստ են»։
Իսկ այնպիսի երկրներ և տարածքներ, որոնք Հայաստանի կողմից ճանաչված են որպես հարկման հատուկ ազատական համակարգ ունեցող, ինչպիսիք են Վիրջինյան կղզիները, Բելիզը, Պանաման, Սեյշելյան կղզիները, ԿԲ-ի հրապարակած վիճակագրության մեջ չեն երևում»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։