Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր առանցքը չմիավորվի կաթողիկոսի շուրջ
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ագգային-եկեղեցական ժողովի հանդիսավոր ժողովը՝ ատենապետությամբ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի և փոխատենապետությամբ Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի Հայ Օգնության Ֆոնդի գործադիր-տնօրեն Եզնիկ-Սիմոն Բալյանի, ընտրել է Հայ Առաքելական եկեղեցու 132-րդ գահակալին: Կաթողիկոսական թեկնածուների ինքնաբացարկից հետո քվեարկվել են երկու թեկնածուներ՝ Կաթողիկոսական Տեղապահ Ամենապատիվ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը: Նախքան քվեարկությունը Մայր տաճարում պատգամավորները Ամենակարող Աստծու և Սուրբ Ավետարանի առջև երդվեցին ընտրել արժանավորագույնին:
Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան – 263 ձայն,
Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան – 176 ձայն,
անվավեր ճանաչվեցին -11 քվեաթերթիկ:
Այսպիսով, քվեարկության ընդհանուր արդյունքներով Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվեց Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Հավատացեք, Փաշինյանը, եթե անգամ ծանոթ չէր կաթողիկոսի ընտրության այս ընթացակարգին, ապա առնվազն իր արշավը մեկնարկելիս հանգամանալից տեղեկացել է ինչպես այս հանգամանքներին, այնպես էլ խնդրով առկա իրավական կարգավորումներին: Այդուհանդերձ, գործող վարչապետը որոշում է ընդունել մեկնարկել խաչակրաց արշավանք կուսակրոնության կարգը ենթադրաբար խախտած քահանայապետի դեմ և իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու և որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում Ազգային Ժողովում վարչապետի իմպիչմենթի գործընթացի և Եկեղեցու քաղաքական գործընթացներում ակտիվ ներգրավվածության մասին հանրային հարթակներում քննարկումների համատեքստում: Սա կարևոր հանգամանք է, ըստ էության, քանի որ մասամբ բացահայտում է Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը՝ Կաթողիկոսի շուրջ միավորել իր ընդդիմադիր բոլոր ուժերին, որոնք ոչ մի կերպ չեն միավորվում իմպիչմենթի նախաձեռնության և վարչապետի ընդդիմադիր թեկնածուի շուրջ, սադրել հանրային ընդվզում և ճնշում Ազգային ժողովի վրա փողոցում: Իր կոչում Նիկոլը նույնիսկ ձևն է ցույց տալիս՝ վստահ, որ խորհրդարանում նախաձեռնությունը որևէ շանս չունի, իսկ փողոցային բողոքի շարժումը հաջողություն չի ունենալու: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին այս ամենը անհրաժեշտ դարձել հիմա: Պատճառներից մեկի մասին արդեն խոսել եմ, կավելացնեմ ևս երկուսը՝ միացյալ ընդդիմության կանխատեսելի տապալումը պարարտ հող կստեղծի Ադրբեջանի հետ այսպես կոչված Խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար և կապահովի երաշխավորված հաղթանակ առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Ըստ որում, այս երկու նպատակները փոխկապակցված են ուղղակի կապով:
Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր առանցքը չմիավորվի կաթողիկոսի շուրջ՝ Նիկոլը կգրավի Վեհարանը, եթե անգամ չգրավի, էապես կավելացնի իր էլեկտորատը Հայաստանում բավականին կազմակերպված ընտրազանգված ունեցող այլ կրոնական փոքրամասնությունների կազմակերպությունների աջակցության հաշվին:
Կարծում եմ, եթե անգամ իջևանցի միամիտներ կան, բոլորը արդեն պետք է որ համոզված լինեն, որ սույն պարոնը դրանց թվում չէ:

