Եկեղեցին վճարում է հարկ, քննարկում և նախաձեռնություն այս պահին չկա․ ՊԵԿ նախագահ
«Նման քննարկում և նախաձեռնություն այս պահին չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունը պարբերաբար խոսում է եկեղեցուն հարկային դաշտ բերելու մասին, ինչ մասով է եկեղեցին հարկեր վճարում, ինչ մասով են մտածում հարկային դաշտ բերելու մասին։
Նա շարունակեց. «Այն մասով, ինչ մասով եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է։ Այս պահին նման խնդրի չեմ առնչվել»։
Է. Հակոբյանը նշեց, որ իրենք վարչարարություն են իրականացնում, եթե վարչարարության ընթացքում կնկատեն որևէ խնդիր, համապատասխան գործիքակազով կտեղեկացնեն, կհուշեն եկեղեցուն, որ այդ խնդիրները կան, խնդրում են շտկել։
«Իմ կառավարման ընթացքում խնդրի չեմ առնչվել։ Այն մասով, որով որ առևտրային գործունեություն է իրականացնում, պարզ է, որ պետք է վճարի, այն մասը, որը եկեղեցական գործունեությանն է վերաբերում, որպես այդպիսին հարկեր չկան»։
Նա նշեց, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, բայց չցանկացավ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ հոգևորականների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին։

