ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել Թրամփի` 12 երկրի քաղաքացիների մուտքի արգելքը
ԱՄՆ-ում այսօրվանից պաշտոնապես ուժի մեջ է մտնել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած գործադիր հրամանագիր, որն արգելում է 12 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Խոսքն Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների մասին է: Նրանց նկատմամբ սահմանվել է մուտքի ամբողջական արգելք, գրում է theguardian.com-ը:
Եվս յոթ երկրի քաղաքացիների համար սահմանվել է մուտքի մասնակի արգելք: Մասնակի արգելք է սահմանվել Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների համար: Նրանց չեն տրամադրվի այցելության և ուսանողական վիզաներ: Այնուամենայնիվ, օրինակ, աշխատանքի կամ ամերիկացի հարազատների հետ վերամիավորման վիզաները կմնան ուժի մեջ:
Բացառություններ են գործում Միացյալ Նահանգների օրինական մշտական բնակիչների և վավեր վիզաներ ունեցողների համար: Երկրների ցանկը հիմնված է Պետդեպարտամենտի կողմից հունվարից ի վեր անցկացվող վերլուծության վրա:
Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ նման միջոցառումների ներդրման պատճառը Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում հրեա ակտիվիստների դեմ հակասեմական հարձակումն էր։ ԱՄՆ-ում կնոջ և երեխաների հետ անօրինական բնակվող 45-ամյա եգիպտոսցին «Ազատություն Պաղեստինին» գոռալով՝ Մոլոտովի կոկտեյլ էր նետել ամբոխի վրա։ Վիրավորվել էր տասնհինգ մարդ, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրած թոշակառու։

