Եկեղեցուն պետք է օրենքով ամրագրված նոր կարգավիճակով ու լիազորություններով օժտել…

Այս խղճուկ, անելանելի ու օրհասական իրավիճակը, որում հայտնվել ենք ազգովին, բարոյական է, հոգեբանական է, արժեհամակարգային է, և պայմանավորված է բարոյական այլասերմամբ` նյութապաշտությամբ, չարությամբ, Աստծո, միմյանց ու հայրենիքի նկատմամբ սիրո պակասով ու Աստծուց ստացած բարեհաճության դիմաց դրսևորած երախտամոռությամբ, ազգային արժեհամակարգի խեղաթյուրմամբ, կրթության փլուզմամբ ու մշակութի ապականմամբ` ցածրաճաշակ մշակույթի մատուցմամբ։ Պայմանավորված է Աստծուց հեռանալու, քրիստոնեկան արժեքներից և Արարչի կողմից հային պատվիրակված առաքելությունից շեղվելու հանգամանքով, աղանդների ու դրսից ֆինանսավորվող հասարակական կառույցների գոյությամբ։ Իսկ հայի առաքելությունը դա Աստծո երթն է երկրի վրա, մարդկության վերածննդի, նրա առաքինության` սիրո և համերաշխության տարածման սուրբ գործի ստանձնումն է։ Վիճակը, որում հայտնվել ենք պայմանավորված է նաև հանրային֊պետական գործերում եկեղեցու դերի նվազեցմամբ, պետությունից ու հասարակական գործերից նրա օտարմամբ, նրա ներկայացվածության թուլացմամբ։ Մինչդեռ եկեղեցին ամենահամազգային կառույցն է, որը ներկայացված է իր կառուցներով 35 երկրներում և կարևոր դերակատարություն ունի ազգի համերաշխության առաքինության ու միասնության, սփյուռքի հետ կապերի պահպանման, հայի ինքնության, հոգևոր արժեքների, հայապահպանության ապահովման, բարոյական դաստիարուկության, դարերով ձևավորված ազգային արժեքների ու սովորույթների, ավանդական հայկական ընտանիքի, հասարակության ու պետության կայունության ապահովման գործում, աղանդների, հանրության մեջ բացասական երևույթների ու դրսևորումների նկատմամբ պայքարի գործում։ Չնայած վերապահված այսքան կարևոր ու ծավալուն պարտականություններին, եկեղեցին պատշաճ ներկայացված չէ հանրային֊պետական շրջանակներում և օրենքով օժտված չէ համապատասխան անհրաժեշտ լիազորություններով իր ազգային֊բարոյական գործառույթնները իրականացնելու համար։ Չէ՞ որ եկեղեցու շնորհիվ պետականության բացակայության պայմաններում ավելի լավ են պահպանվել ազգային արժեքները, սովորույթները, լեզուն և բարոյական կերպարն ու նորմերը, քան թե պետականության առկայության վերջին 34 տարիներին։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ եկեղեցին ավելի մեծ հեղինակություն է հանրության համար, քան` պետությունն իր ահռելի լծակներով։ Սա նշանակում է, որ եկեղեցին ժողովրդի աչքում ամենաչապականված, վստահություն վայելող ու հավատ ներշնչող կառույցն է։ Ոչ պատահականորեն այսօր էլ հանրությունը եկեղեցու հեղինակության հետ է նախևառաջ կապում իր փրկությունը։ Սա ամենևին չի նշանակում, որ պետք է նվազեցնել պետության դերը։ Պարզապես եկեղեցին պետք է ներկայացված լինի պետական և հանրային կառույցներում ու գործերում այնքանով, որքանով վայելում է հանրության վստահությունը, որքանուվ հասարակությունը նրա առջև առաքելություն ու ազգի բարոյական կերպարի կերտման պահանջներ է դնում։ Կարծում եմ եկեղեցին, որպես հանրային վստահություն վայելող և ազգի ու պետության ճակատագրով անկեղծ մտահոգ կառույց և ունենալով մտավոր֊բարոյական մեծ ռեսուրս, պետության և հասարակության կայունության ապահովման նպատակով, խորհրդատվական ու վերահսկողական լիազորություններով պետք է ակտիվ մասնակիցը դառնա ազգային գաղափարախոսության և ռազմավարության մշակման գործընթացում, ներկայացված լինի այն պետական կառույցներում, որտեղ մշակվում են երկրի անվտանգային և արժեհամակարգային քաղաքականությունը` անվտանգության խորհրդում, կրթության մշակույթի, սփյուռքի հետ կապերի գերատեսչություններում։ Գտնում եմ նպատակահարմար, որպեսզի հանրապետության նախագահի, Ա/Ժ նախագահի և վարչապետի խորհրդականներից մեկը լինի Մայր Աթոռի ներկայացուցիչ, իսկ կառավարության և ԱԺ նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով մասնակցեն նաև Մայր Աթոռի ներկայացուցիչներ։ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է լինի ՀՀ ԱԽ լիիրավ անդամ։ Միաժամանակ ճիշտ կլինի, որպեսզի Կրթության, մշակույթի և սփյուռքի նախարարությունների` կոլեգաների կազմում նույնպես լինեն եկեղեցու ներկայացուցիչներ և ակտիվորեն ներգրավված լինեն կրթական, մշակութային քաղաքականության և սփյուռքի հետ համագործակցության առաջնայնությունների ու սկզբունքների մշակման գործընթացում։ Չէ՞ որ եկեղեցին գոյություն ունի ժողովրդի համար և բացառապես ծառայում է ժողովրդին։ Գուցե ասածներս թվում են ծայրահեղ կամ անիրատեսական, սակայն մենք չենք կարող դուրս գալ այս այլասերված ու բարոյազուրկ միջավայրից, առանց կառավարման, կրթական ու արժեհամակարգային արմատական բարեփոխումների, առանց եկեղեցու դերի, հեղինակության բարձրացման, առանց բարձր արժեքներ կրող քաղաքացի ունենալու։ Այս ամենն անշուշտ ենթադրում է, որ օրենքով պետք է եկեղեցուն ամրագրվեն նոր կարգավիճակ և նոր լիազորություններ, նախապես անցկացնելով հանրային լայն քննարկումներ։ Ցավալիորեն ու անհասկանալիորեն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու լիազորությունները գրեթե հավասարեցված են աղանդների լիազորություններին։

Հայկ Ղազարյան

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ