Իմ հագուստները քայլող պատմություն են․ Աննա Հարությունյան

Հայաստանի վաստակավոր նկարիչ, ֆեյշն-դիզայներ, «AH» բրենդի հիմնադիր Աննա Հարությունյանը օրեր առաջ վերադարձել է Unique Fashion Show Paris (UFSP) Փարիզի նորաձևության եզակի ցուցադրությունից, որտեղ շուրջ 30 երկրների կողքին ներկայացրել է Հայաստանը։ Նրան էր վստահվել ցուցադրության «grand final-ը»։

Միջոցառումը, որը Փարիզի կենտրոնում միավորել էր բարձր նորաձևության ավելի քան 800 բարձրաստիճան հյուրերի, Էյֆելյան աշտարակի կողքին, հեղինակավոր պատմական վայրում ՝ Shangri-La Paris հյուրանոցում, առավել հիշարժան դարձրեց Աննա Հարությունյանը Հայաստանից։ Հավաքածուն «Քայլող պատմություն» անվանող դիզայների հագուստներում պատկերված է հայկական սիմվոլիկան՝ ժայռապատկերներ ուրարտական դարաշրջանից, աշխարհի ստեղծումից մինչև մեր ժամանակներ։ Նրա «օտ կուտյուր» («Haute couture» ֆր․) հավաքածուն տրանսֆորմացիա է՝ կտավներից դեպի հագուստ, որի մի մասը՝ վերարկուները, կարող են հասանելի դառնալ նաև սովորական մարդկանց։ Հեղինակն ինքն է զբաղվում մոդելների քաստինգով, բեմադրությամբ-ռեժիսուրայով, աքսեսուարների պատրաստմամբ, դիմահարդարմամբ՝ ֆեյս-արտով։ Նորաձևության գործակալության կողմից տրամադրած տարբեր ազգերի մոդելներից առանձնացնում է սևամորթներին, որոնց հագին, կիսամութ տարածքում, առանձնակի շքեղությամբ էր նայվում հավաքածուում դոմինանտ ոսկեգույնը։ Եվ, իհարկե, մոդելի աչքերը, աչքերի արտահայտությունը, որին առանձնակի ուշադրություն է դարձնում Աննան։

Թատերականացված մեգա-ֆեյշնի կազմակերպիչները սիրով «ենթարկվել են» դիզայների պահանջներին՝ ստեղծել կիսամութ, սակրալ միջավայր, խորհրդավոր մթնոլորտ, մշակված միզանսցեն՝ մոդելների «ստոպ-կադրերով» բուխարու մոտ, ոտաբոբիկ դուրս գալու պայմանին։

«Իմ պատկերացմամբ, արխայիկ հագուստներով մոդելները, որոնք երկրի ու երկնքի մեջտեղում խորհրդանշում են մարդ-էակին, ի ծնե դատարկ ձեռքերով, բոբիկ ոտքերով, հողին կպած․․․նրանք չեն կարող կոշիկ կրել։ Դա խախտում է տիեզերական էներգիան ու գաղափարը», -ասում է Աննան։ Նա երախտագիտությամբ նշում է, որ բավականին մեծ ուղեբեռի առկայությամբ (16 հագուստ), մեկնել էր առանց իր «սթաֆի» (աշխատակազմի), բայց կազմակերպիչները ապահովվել էին անհրաժեշտ ամեն ինչով։ Չնայած մեծ հետաքրքրությանը, ներկայացված հագուստներից ոչինչ չի վաճառել, քանի որ սա ցուցադրություն էր, իսկ ահա փարիզյան ցուցադրությանը մասնակցելու համար ստիպված է եղել վաճառել իր կտավներից, քանի որ պետությունը՝ ԿԳՄՍ-ն նորաձևությունը չի ֆինանսավորում և դրանով փակում այդ հարցը։ «Պետական կամ մասնավոր աջակցություն չկա, ինքս եմ անում ներդրումներ, թեև շատ դժվար է, բայց դա տալիս է ստեղծագործական և անհատական անկախություն», – նշում է Աննան։ «Եթե դու դուրս ես գալիս քո երկրից, պետք է հասկանաս, որ դու Հայաստանի մի մասնիկն ես, քո միջոցով մարդիկ ճանաչում են քո երկիրը։ Մարդկանց հետաքրքրում են քո արմատները։ Ազգայինի, էթնոյի հանդեպ հետաքրքրությունը միշտ կա, բայց մատուցման ձևերը փոխվել են, նախկին ավանդական տարազին եկել է փոխարինելու հինը՝ նոր ֆորմաներով»։ Ցուցադրության ապոֆեոզը դարձավ Աննա Հարությունյանի բեմելը հերոսներից մեկի՝ 1,85 հասակով սևամորթ մի մոդելի ուղեկցությամբ, որը մարմնավորել էր Մարդ-Աստծո կերպարը։ Աննա կարևորում է նման ցուցադրությունները, որոնք մի ուրիշ աշխարհ ու մթնոլորտ են ստեղծագործողի համար, տալիս են փորձառություն, բացում նոր հեռանկարներ։ Աննա Հարությունյանի ներշնչանքը՝ հնագույն Հայաստանի պատմությունն ու տիեզերական իմաստով հավատքն է առ Աստված։ Աշխարհի ցուցահանդեսներում ներկայացված նկարիչն այս հաջողությունը նոր աստիճան է համարում իր կենսագրությունում․ նրան և նրա «AH» բրենդը ճանաչեց Փարիզը, հեղինակավոր մասնագիտական լրատվամիջոցները գրոհում էին հարցազրույցներով, լավագույն «կոմպլիմենտներից» մեկը համարում է «դուք իսկական եք, դուք ունիկալ եք» և Փարաջանովի հետ համեմատությունը, որը համեստորեն չի ընդունում։ Սա լուրջ քննություն էր Փարիզի խստապահանջ հանդիսատեսի առջև, որը չի սիրում թերին, պլագիատը, նախապատվություն տալով բարձրաճաշակ արվեստին։