Ղազախստանը չի նախատեսում միանալ ԲՐԻԿՍ-ին
Ղազախստանը ներկա փուլում չի նախատեսում դառնալ BRICS կազմակերպության լիիրավ անդամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ընդգծելով, որ նման որոշումը պայմանավորված է պրագմատիկ նկատառումներով։
«Ես առաջնորդվում եմ պրագմատիկ մոտեցմամբ։ Բավարար եմ համարում ԲՐԻԿՍ-ի հետ մեր գործընկերային կարգավիճակը։ Հիմնական հարցն այն է, թե որքան օգտակար կլինի լիարժեք անդամակցությունը մեր երկրի համար»,– նշել է Տոկաևը։
Ղազախստանի նախագահը նաև ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ը, որպես միջազգային կազմակերպություն, առայժմ չունի ոչ կանոնադրություն, ոչ քարտուղարություն, ոչ էլ հստակ ծրագրեր։
«Եկեք տեսնենք՝ որքան արդյունավետ կառույց կդառնա ԲՐԻԿՍ-ը։ Այս փուլում Ղազախստանը կմնա դիտորդի կարգավիճակում։ Ապագան ցույց կտա՝ ինչպես կզարգանան իրադարձությունները»– եզրափակել է Ղազախստանի ղեկավարը։

