Բագրատ Սրբազանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

«Երևույթը նոր չէ, այլ երևույթի դրսևորման կերպն է նոր, որն ուղղակիորեն արտահայտում է այն բուն էությունը, պատկերը, որ այս մարդիկ ունեն իրենց մեջ՝ հայհոյախառն խոսքերով, Վեհափառ հայրապետին «գլխավոր հոգևոր մաֆիոզ» անվանելով»,- 168.am-ին տված հարցազրույցում ասել է Բագրատ Սրբազանը։

Սրբազանը նկատել է․ «Ես դեռ տարիներ առաջ էր, երբ ասացի, որ «սրանք փողոցից տուն չեկան և չեն պատկերացնում իրենք ովքեր են, ինչ պաշտոններ ունեն, ինչպիսի վարքագիծ, կենցաղավարություն պետք է ունենան», դա մնացել է, ոչ մի բան չի փոխվել»։

«Շատ հետաքրքիր և դիպուկ զուգահեռ են անցկացնում Փաշազադեի և Փաշինյանի միջև, հավանաբար ծրագրավորված որոշակի հարձակման մասին է խոսքը, համատեղ ծրագված»,- արձագանքելով հարցազրուցավար Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը՝ հայտարարել է Բագրատ Սրբազանը և նշելով, որ դա իր առաջին ենթադրությունն է։

Սրբազանի խոսքով՝ զարհուրելի է Փաշինյանի և նրա տիկնոջ բառապաշարը, որոնք խոսում են կրթության մասին և այդ բառապաշարով օրինակ են ծառայում։

Բագրատ Սրբազանը նկատել է, որ եկեղեցու դեմ արշավը սկսվել է այն օրերին, երբ Շվեյցարիայում ընթանում է համաշխարհային եկեղեցական ժողով, որին մասնակցում և միակ բանախոսը Հայոց կաթողիկոսն է, ով բարձրացնում է Արցախում հոգևոր մշակութային ժառանգության, վանդալիզմի հարցերը։

«Ինձ համար ամենամեծը Արցախի հանձնումն ու ուրացումն է, որ տեղի է ունեցել։ Սրանից հետո ինչի վրա մենք պետք է զարմանանք, ինչու պետք է զարմանանք, որ էս մարդիկ այդպիսին են։ Մեզ միայն մի բան է մնում ժամ առաջ հեռացնել սրանց և վերջացնել այս հարցը»,-հավելել է Սրբազանը։