Հայաստանցիներն ավելի շատ վստահում են բանակին ու եկեղեցուն, ավելի քիչ՝ պետական համակարգերին
«Կովկասյան բարոմետր 2024»-ի տվյալները վկայում են, որ Հայաստանում ձևավորված է պետական և հասարակական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության բևեռացում։ Մյուս կողմից, բարձր վստահություն ունեն բանակն ու կրոնը։ civilnet.am-ի ներկայացմամբ, հուլիսի 27-ից հոկտեմբերի 10-ն անցկացված հարցմանը մասնակցել է 1,561 քաղաքացի, որոնք գնահատել են իրենց վստահությունը մի շարք կառույցների նկատմամբ։
Բանակն ու Հայ Առաքելական եկեղեցին՝ առաջատարներ
Հարցման մասնակիցների 50 տոկոսը նշել է, որ լիովին վստահում է բանակին, ևս 24 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է։ Սա պետական ինստիտուտների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ Բարձր վստահությամբ երկրորդ հորիզոնականում դավանած կրոնի հաստատությունն է։ Հարցվածների 62 տոկոսը լիովին, 17 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է իր դավանած կրոնի հաստատությանը։ Մեկ այլ հարցմամբ էլ 80 տոկոսը նշել է, որ Հայ-Առաքելական եկեղեցու հետևորդ է։
Մեկ այլ ուշագրավ փաստ՝ նույն կազմակերպությունը 2021-ին ևս իրականացրել է հարցում ու ըստ այդ արդյունքների՝ կրոնական հաստատությանը լիովին վստահում էր ընդամենը 11 տոկոսը, ավելի շուտ վստահում՝ 23 տոկոսը, մինչդեռ 31 տոկոսը ընդհանրապես չէր վստահում։ 2024-ի տվյալները ցույց են տալիս, որ կրոնական հաստատությունների հանդեպ վստահության մակարդակը Հայաստանում շեշտակի բարձրացել է։ Բանակի հանդեպ վստահության մակարդակը առանձնապես չի փոխվել։
Քաղաքական համակարգը վստահության ճգնաժամում է
Քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակը ամենացածրն է։ Քաղաքական կուսակցություններին բոլորովին չի վստահում հարցվածների 51 տոկոսը, Ազգային ժողովին՝ 50 տոկոսը, իսկ դատական համակարգին՝ 41 տոկոսը։ Այդ կառույցների նկատմամբ լիարժեք վստահություն են հայտնել համապատասխանաբար միայն 2, 6 և 6 տոկոսը։ Վարչապետին և նախարարներին հարցվածների 42 տոկոսը բոլորովին չի վստահում, նույնքան տոկոս էլ գրանցվել է նախագահի դեպքում։ Այս կառույցների նկատմամբ լիարժեք վստահություն հայտնել է, համապատասխանաբար, 12 և 9 տոկոսը։
Բանկերի, կրթության և ոստիկանության նկատմամբ կարծիքները բևեռացված են
Բանկերին բոլորովին չի վստահում 28 տոկոսը, իսկ լիովին վստահում է 14 տոկոսը։ Կրթական համակարգի ցուցանիշները նույնն են։ Ոստիկանությանը բոլորովին չի վստահում 29 տոկոսը, լիարժեք վստահում է 16 տոկոսը։ Այս ինստիտուտների հանդեպ նկատվում է խառը վերաբերմունք՝ առանց հանրային վստահության հստակ կենտրոնացման։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

