Փաշինյանը քաղաքական դիակ է․ մեր մեղքն է, որ այս դիակը դեռ չի հեռացվել․ Հայկ Մամիջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է։ Այս մասին մայիսի 30-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցութան ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով կառավարության ղեկավարի հայտարարությունները Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականության դեմ։

«Եվ քանի որ դիակը ժամանակին չի հեռացվել, այն սկսել է գարշահոտ տարածել։ Առաջին հերթին, դա մեր մեղքն է։ Մեր մեղքն է, որ այս քաղաքական դիակը դեռ չի հեռացվել», – ասաց Մամիջանյանը։

Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մայիսի 22-ին արշավ սկսեց Հայ Առաքելական եկեղեցու դեմ, և արդեն մայիսի 29-ին այդ «էստաֆետը» վերցրեց Հայաստանի վարչապետը։

«Իմացեք, այն, ինչ մենք տեսանք, դեռ ոչինչ է։ Բայց ես իսկապես ուզում եմ, որ այսօրվա գրառումը կարդան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, որոնց ճնշող մեծամասնությունը, անկասկած, մկրտված է Հայ Առաքելական եկեղեցում։ Նրանցից շատերը պսակադրվել են եկեղեցում, և ես կարծում եմ, որ իրենց կյանքի ամենադժվար պահերին նրանք դիմել են հավատքին, կրոնին և եկեղեցուն։ Թող սա կարդան բոլոր նրանք, ովքեր հիմա ամեն ինչ անում են իշխանությունը պահելու համար։ Սրանք անվտանգության ուժերն են և իրավապահ համակարգն ամբողջությամբ», – նշել է ընդդիմադիր գործիչը։