Ռուսները մեզ տվել են գոյաբանական օգուտ, իսկ թուրքերը՝ գոյաբանական վնաս, այն էլ ինչպիսի վնաս
Փաստերի անալիզն ասում է, որ Ռուսաստանը, առաջնորդվելով միմիայն իր շահերով, հայերին ու Հայաստանին, ինչպես նաև ուրիշներին, արել է ճիշտ այնքան լավություն ու վատություն, ինչը որ բխել է իր շահից կամ վնասից, ոչ ավելի, ոչ պակաս։
Այստեղ, թյուրիմացաբար ռուսից նեղանալու պատճառն այն է, որ առանց երկրների միջև բարձր մակարդակի փոխհարաբերությունների իմաստը հասկանալու և, անգիտաբար, ուրիշից կամ օտարից, լինի դա ռուսը, թե մեկ ուրիշը, անշահախնդիր բարեկամություն ես պահանջում, փոխարենը ոչինչ չտալով նրանց, քանի որ տալու բան էլ չունես։
Միակ բանը, որ կարող ես տալ ուրիշին, դա քո սուվերենիտետի մի մասն է, որը տեսականորեն կարելի է փոխանակել նույն ուրիշի կողմից քեզ տրվող անվտանգության հետ, այսինքն այն, ինչ որ միշտ եղել է ռուսների հետ մեր հարաբերությունների իմաստը։
Իսկ ռուսների ու թուրքերի հետ մեր հարաբերությունների անալիզի ու համեմատության ժամանակ պետք է ելնել այն փաստից, որ, վերջին հաշվով, բոլոր պլյուս-մինուսները հաշվի առած, ռուսները մեզ տվել են գոյաբանական օգուտ, իսկ թուրքերը՝ գոյաբանական վնաս, այն էլ ինչպիսի վնաս։
Հաճախ էլ, ինքնաոչնչացման անհասկանալի ախտով տառապող մեր «իմաստուններից» ոմանք գտնում են, որ մենք եղել ենք Ռուսաստանի գաղութը, որը իրականության բացահայտ աղավաղում է, քանի որ ՍՍՀՄ-ի ժամանակ մեր նման ծայրամասերը ունեին կյանքի ավելի բարձր մակարդակ, քան Ռուսաստանի ներքին շրջանները։
Դրանից բացի, ավելորդ չի լինի մի անգամ ևս նշել, որ որևէ դասական գաղութարար եվրոպական երկիր, իր գաղութների համար չի արել նույնիսկ 10 տոկոսն այն բանի, ինչ որ արել են ռուսները մեզ և մեզ նմանների համար, ընդհուպ մինչև միջնադարյան ու քարանձավային մենթալիտետով ժողովուրդների համար արդյունաբերություն, համալսարաններ, գիտությունների ակադեմիա, և այլ բաներ ստեղծելը։
Ներկա խառը ժամանակներում մեր իսկ շահերից է բխում խելքը լրիվ չթռցնել ու կարողանալ օբյեկտիվորեն գնահատել վերջին 200 տարիների ընթացքում մեզ հետ կատարված լավ ու վատ բաները։
Մեր անհաջողությունների անվերջ շղթայի համար ամեն ինչում ուրիշներին մեղադրողները թող մի ուշադիր ու անաչառ հայացք նետեն նաև մեր վերջին 35 տարվա պատմության վրա, տեսնելու համար, որ մեր տունը քանդողը, առաջին հերթին, հենց մենք ենք և, մեկ էլ, հիշեն, թե մեր կյանքի անվտանգության ու կենսամակարդակի պիկը երբ է եղել։
Պետք չէ նաև մոռանալ, որ երբ Աստված ուզում է մեկին պատժել, խելքը գլխից առնում է։
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

