Այդ ինքնավստահությունը ձեզ որտեղի՞ց. Զարոկյանը՝ Ավինյանին
«Ուզումեմ հասկանալ, թե այդ ինքնավստահությունը ձեր մոտ որտեղից է գալիս։ Արդյո՞ք այն փաստը, որ իրավապահ մարմինների հարազատներին աշխատանք էիք բաժանել ԱՆԻՖ-ում, և լուրեր կան, որ քաղաքապետարանում գլխավոր դատախազի ընտանիքի անդամներից մեկին եք աշխատանք տվել, նաև՝ այլ իրավապահ մարմինների ղեկավարների հարազատներին»,-Երևանի ավագանու նիստում հայտարարել է Պեդրո Զարոկյանը՝ Տիգրան Ավինյանից հետաքրքրվելով, թե ինչու է նա լրագրողին հայտարարել, թե իր նկատմամբ ԱՆԻՖ-ի դեպքով չի կարող գործ հարուցվել։
Ավինյանը հայտարարեց, թե իր վստահությունը գալիս է մի հանգամանքից, որ վերջին 7 տարիների ընթացքում, որևէ իր գործողությամբ չէր կարող քրեական գործով անցնել։
«Իմ որևէ գործողություն չէր կարող հանգեցնել նմանատիպ քննության իմ նկատմամբ»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը։
Նշելով, թե կասկած չունի, որ մտածված ձևերով է ԱՆԻՖ-ի գումարները փոշիացրել՝ Պեդրո Զարոկյանն ասաց, միգուցե Նիկոլ Փաշինյանի հետ մտերմությո՞ւնն է Ավինյանին նման վստահություն ներշնչում, քանի որ իրավապահները միայն իշխանություններին են ծառայում՝ հիշեցնելով, որ հանրային գործիչ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց հետո ոստիկանություն են բերման ենթարկում տուժողին, իսկ բռնության հեղինակ թաղապետին թողնում են պաշտոնավարի։

