«Այս ամենը հրաշք է, Աստծո հրաշք»․ պատմում է թիթեղի հարվածից ծանր վնասվածքից հետո ծննդաբերած Ռուզաննան
«Քամու ժամանակ դուրս եկա, որպեսզի երեխայիս տուն կանչեմ։ Բայց երեխային չհասա։ Քամին մեր տան տանիքից մի թիթեղ պոկեց, խփեց որովայնիս, սկսեց արյունահոսություն, ունեի մեծ պատռվածք»,-լրագրողների հետ պատմել է 23-ամյա Ռուզաննա Հարությունյանը, որը որովայնի վնասվածքով, արյունահոսությամբ մայիսի 11-ին տեղափոխվել էր հիվանդանոց։
Հարևանի մեքենայով նրան արագ հասցրել են իրենց տան ամենամոտ գտնվող ծննդատուն՝ «Էրեբունի» ԲԿ, կատարվել է կեսարյան հատում։
23-ամյա Ռուզաննան ասում է՝ հույս չուներ, որ ինքը, բալիկը կփրկվեն, բայց Աստծո, բժիշկների գործողությունների հետևանքով երկուսն էլ փրկվել են․ «Այս ամենը հրաշք է, Աստծո հրաշք»։
Քամուց պոկված թիթեղի հարվածից երեխան ծնվել է ճակատի վնասվածքով՝ 5 սմ երկարությամբ վերքով։ Փոքրիկին Մարինե են կոչել, նա ընտանիքի երրորդ բալիկն է։
«Երեխային դեռ չեմ տեսել, լուսանկարներ են ուղարկել, այդպես եմ տեսել։ Երեխայի վիճակը կայուն է, բավարար, կերակրում են արհեստական կերով»,-ասել է ծննդկանը։
«Էրեբունի» ծննդատան տնօրեն, բ.գ.թ, դոցենտ Անդրանիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իր 45-ամյա պրակտիկայում նման դեպք չէր տեսել։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ:
Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5 սմ երկարությամբ խորը վնասվածքով:
Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

