Դոնալդ Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա է ժամանել Պարսից ծոցի երկրներ այցի շրջանակում։ Երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո սա նրա առաջին արտասահմանյան այցն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նախատեսում է նաև այցելել ԱՄԷ և Քաթար ու ԱՄՆ վերադառնալ՝ 1 տրիլիոն դոլար արժողությամբ գործարքներով: Այս մասին հայտնել էր Axios-ը՝ վկայակոչելով չորս ամերիկյան և երկու արաբական աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ Թրամփի այցը հիմնականում բիզնեսի վրա շեշտադրմամբ է լինելու, իսկ աշխարհաքաղաքական օրակարգը երկրորդ պլան է մղվելու:
Axios-ը հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանն ավելի վաղ խոստացել էր 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում չորս տարվա ընթացքում։ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա առաջիկա գործարքները, ըստ Axios-ի, կներառեն առնվազն 100 մլրդ դոլարի ռազմական մատակարարումներ, ինչպես նաև էներգետիկ և ռեսուրսների գործարքներ:

