Գնալու ենք պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու ճանապարհով. Հայկ Սարգսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու իր կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության ոլորտի բարեփոխումներին։

Իսկ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների նպատակը, ըստ պատգամավորի, սրանք են՝

– զորակոչվողների թվի ավելացում,

– զինվորական ծառայության գրավչության բարձրացում,

– արտագաղթի կանխարգելում,

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում,

– զորակոչից խուսափման դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրում, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացում:

Ի՞նչ խստացնող և խրախուսող կարգավորումներ են խոստանում իշխանությունները:

– Որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության,

– ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարի,

– մինչև 18 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ,

– քրեականացնել փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը կամ հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը,

– ֆինանսական միջոցներ ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը, որն այժմ կազմում է ամսական 3400 դրամ,

-կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին (ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն, ծառայել 6 ամիս և պետական բյուջե վճարել 15 մլն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 մլն դրամ), այսօր նման հնարավորություն ունեն 27 տարին լրացածները և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք,

– խրախուսել արական սեռի անձանց ստանալ ՀՀ քաղաքացիություն մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքի լրանալը՝ տալով հնարավորություն ծառայել կրճատված ժամկետով կամ ծառայության անցնելու փոխարեն վճարել սահմանված չափով գումար։

Նման օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն, ըստ Հայկ Սարգսյանի, կա, եթե հաշվի ենք առնում, որ մինչև 18 տարին լրանալն արական սեռի անձինք հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից:

«2020-2024 թվականներին մինչև 18 տարեկան արական սեռի 8 721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից: Սա մոտավորապես 2 զորակոչի ընթացքում բանակ զորակոչվածների թվին մոտ թիվ է: Երկրորդ, մեկնում են ՀՀ-ից բուժման, ուսման կամ այլ նպատակով և մինչև 27 կամ 37 տարեկանը լրանալը չեն վերադառնում: Նշեմ, որ 37 տարին դա վաղեմության անցնելու տարիքն է»,- մանրամասնել է պատգամավորը՝ շարունակելով, որ վերջին 5 տարվա ընթացքում շուրջ 42.000 արական սեռի անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, և նրանց ընդամենը 7 տոկոսը կամ 3000-ն են դա արել մինչև 27 տարին լրանալը: