Հռոմի նոր պապը կարդինալներին հորդորել է շարունակել հանգուցյալ Ֆրանցիսկոս Առաջինի «արժեքավոր ժառանգությունը»

Հռոմի Լեո (Լեւոն) XIV պապը շաբաթ օրը հասկացրել է, որ շարունակելու է իրականացնել Ֆրանցիսկոսի տեսլականն ու բարեփոխումները՝ ողջ աշխարհի կաթոլիկ կարդինալներին հայտնելով, որ հանգուցյալ հովվապետը «թանկարժեք ժառանգություն» է թողել, որը պետք է շարունակվի, տեղեկացրել է Reuters-ը։

Մայիսի 8-ին հովվապետ ընտրվելուց հետո բոլոր կարդինալների հետ իր առաջին հանդիպման ժամանակ Լեոն նաեւ խնդրել է բարձրաստիճան հոգեւորականներին հաստատել իրենց հավատարմությունը 1960-ական թթ. Վատիկանի Երկրորդ խորհրդի կողմից ընդունված հիմնական եկեղեցական բարեփոխումներին:

Լեո XIV-ը նշել է, որ Ֆրանցիսկոսը, որը մահացել է ապրիլի 21-ին, ընդհանուր ցանկություն ուներ 1,4 միլիարդ անդամներից բաղկացած Եկեղեցին բացել ժամանակակից աշխարհի առաջ, եւ թողել է «ծառայությանը լիակատար նվիրվածության օրինակ»:

«Եկեք ընդունենք այս թանկարժեք ժառանգությունը եւ շարունակենք մեր ճանապարհը»,- դիմել է նոր պապը կարդինալներին։

Հովվապետը նաեւ խնդրել է հոգեւորականներին «հաստատել մեր լիակատար հանձնառությունը» խորհրդի կողմից ընդունված բարեփոխումներին, որոնք ներառում են պատարագ մատուցել ոչ թե լատիներեն, այլ տեղի լեզուներով, եւ շարունակել երկխոսությունն այլ կրոնների հետ:

Նա նշել է, որ Ֆրանցիսկոսը կենտրոնացած էր «համարձակ եւ վստահելի երկխոսության վրա ժամանակակից աշխարհի հետ՝ իր տարբեր բաղադրիչներով եւ իրողություններով»:

Ֆրանցիսկոսը 12 տարի եղել է Հռոմի պապ եւ հաճախ է բախվել պահպանողական կարդինալների քննադատությանը, որոնք ասում էին, որ նա թուլացնում է եկեղեցու վարդապետությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ԼԳԲՏ կաթոլիկների ներգրավումը եւ կանանց առաջնորդությունը:

Լեոն՝ ամերիկացի նախկին կարդինալ Ռոբերտ Պրեւոն, այնքան էլ հայտնի չէր համաշխարհային ասպարեզում մինչ հովվապետ ընտրվելը: Նա որպես միսիոներ իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Պերուում, նախքան վերջին երկու տարիներին որպես Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյա ծառայելը:

Նոր պապը շաբաթ օրն ասել է, որ իր պապական անունը մասամբ վերցրել է ի պատիվ Հռոմի պապ Լեո XIII-ի (1878-1903), որը հայտնի էր որպես սոցիալական արդարության ջատագով եւ արդյունաբերական հեղափոխության ժամանակ աշխատողների արդար վարձատրության եւ վերաբերմունքի կողմնակից էր: Լեո XIV-ն ասել է, որ եկեղեցին այժմ պետք է առաջատար դեր ստանձնի աշխատողներին սպառնացող նոր վտանգների դեմ պայքարում, ինչպիսին է արհեստական​​բանականությունը:

Նա նշել է, որ արհեստական ​​բանականությունը «նոր մարտահրավերներ է ստեղծում մարդկային արժանապատվության, արդարադատության եւ աշխատանքի ոլորտներում»:

Լեոյի երկժամյա հանդիպումը կարդինալների հետ տեղի է ունեցել նախկինից տարբեր ձեւաչափով. նախկին պապերը սովորաբար ելույթ էին ունենում եւ ակնկալում էին, որ հոգեւորականները պարզապես լսեն իրենց:

Այս անգամ Լեոն հանդես է եկել նախապես պատրաստված ելույթով, իսկ հետո խոսքը փոխանցել է յուրաքանչյուր կարդինալի, որը ցանկացել է խոսել՝ թույլ տալով հոգեւորականներին բարձրաձայնել իրենց կարծիքներն ու մտահոգությունները համաշխարհային Եկեղեցու առջեւ ծառացած հիմնական խնդիրների վերաբերյալ: