Հնդկաստան-Պակիստան հակամարտություն. ինչու և ինչպես սկսվեց․ «Հենակետ»
«Հենակետ» վերլուծական կենտրոնը գրում է.
Ինչպես սկսվեց հակամարտությունը
- Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը թեև սկսվել է սույն թվականի ապրիլ ամսվա վերջին օրերին, սակայն նախապատրաստվել է ավելի վաղ։ 2025թ. փետրվարին հնդկական հետախուզությունը պաշտոնապես տեղեկատվություն տարածեց այն մասին, թե վիճահարույց Ջամու և Քաշմիր շրջանում կա մինչև 100 օտարերկրյա զինյալ, որոնք «այս ամառ ավերածություններ կիրականացնեն Հնդկաստանում»: Ձմեռվա այդ օրերին Հնդկաստանը և Պակիստանը հարվածներ են փոխանակել Ջամու և Քաշմիր վիճելի շրջանի Պունչ շրջանում, որտեղ անցնում է այսպես կոչված «վերահսկողության գիծը»:
- Մի քանի ամիս անց, արդեն ապրիլի 22-ին Քաշմիրում Պակիստանի զինյալները հարձակվել են զբոսաշրջիկների վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ։ Որից հետո Հնդկաստանը լիարժեք մարտական պատրաստության է բերել իր զինված ուժերը, ինչպես նաև դիտարկեց Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը։ Սակայն դրանով չի ավարտվում Հնդկաստանի պատասխան ռեակցիան՝ Հնդկաստանը երկրից արտաքսում է Պակիստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում Պակիստանի դեսպանատան բոլոր կցորդներին։ Այնուհետև որոշում է կասեցնել Պակիստանի հետ Ինդոսի ջրերի մասին 1960թ. համատեղ պայմանագրի գործողությունը։ Հետո փակում է Պակիստանի հետ սահմանը և հետ է կանչում Իսլամաբադում գտնվող իր բոլոր դիվանագետներին։
- Ի պատասխան Հնդկաստանի գործողությունների Պակիստանը իր զորքերը բերում է լիակատար մարտական պատրաստվածության։ Ինչպես նաև արտաքսում է Իսլամաբադում Հնդկաստանի դեսպանատան բոլոր ռազմական կցորդներին։ Հայտարարվում է, որ Պակիստանը որպես պատերազմի ակտ կընկալի Ինդոսի ջրերի մասին պայմանագրից դուրս գալուց հետո ջրամատակարարումը փակելու Հնդկաստանի ցանկացած փորձ:
- Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է հրավիրում Հնդկաստանի հետ կապված իրավիճակի և ջրային ռեսուրսների արգելափակման վերաբերյալ:
Ռազմական իրադրությունը Հնդկաստան–Պակիստան սահմանին
- Պակիստանը ակտիվորեն դեպի Հնդկաստանի սահման է տեղափոխում ծանր զինտեխնիկա։
- Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հնդկաստանի հետ հակամարտությունը կարող է վերածվել միջուկային պատերազմի:
- Հնդկաստանը Քաշմիրի ահաբեկչությունից անմիջապես հետո տեղակայել է ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ՝ Պակիստանի բանակի արբանյակային նավիգացիոն համակարգերը և այլ համակարգերը ճնշելու համար: Պակիստանը նույնպես սահմանին տեղակայել է ՀՕՊ առաջադեմ համակարգեր, ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ և օդային իրադրության վերահսկողության ռադար:
- Տարբեր աղբյուրներում տեղեկություններ են շրջանառվում, որ Պակիստանի բանակի հրետանային զինամթերքի ընթացիկ պաշարները կբավականացնեն Հնդկաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի միայն չորս օրվա համար, քանի որ Իսլամաբադը գաղտնի կերպով զենք է մատակարարել Ուկրաինային 2022 թվականից։ Հնդկական ԶԼՄ-ների տվյալներով՝ Պակիստանը 2023 թ. 300 տոկոսով ավելացրել է զենքի վաճառքն արտասահման, առավելապես՝ Ուկրաինա։ Միայն 2023թ. փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում Պակիստանը Ուկրաինային մատակարարել է 42 000 հատ 122-մմ ռեակտիվ արկեր «Գրադ» ՀԿՌՀ-ի համար, 60 000 հատ 155-մմ հրետանային արկեր, 130,000 այլ ռեակտիվ արկեր, ինչն էլ հանգեցրել է Պակիստանի բանակի զինանոցների կրճատմանը։
- Պակիստանի հակաօդային պաշտպանության ուժերը շփման գծի օդային տարածքում հնդկական կործանիչ են խոցել։ Հնդկաստանի ԶՈւ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Քաշմիրի սահմանային թիրախներին։ Հնդկաստանն էլ իր հերթին սկսել է բալիստիկ և ավիացիոն հրթիռների կիրառմամբ հարվածներ հասցնել Պակիստանի տարածքին:
- Պակիստանն ամբողջությամբ փակել է երկրի օդային տարածքը և կործանիչներ է բարձրացրել՝ հարձակումը հետ մղելու համար: Պակիստանի ՊՆ նախարարը հայտարարել է, որ արդեն 5 հնդկական ինքնաթիռ է խոցվել։ Հնդկաստանը մայիսի 7-ի գիշերային հարվածների ընթացքում Պակիստանի տարածքում թիրախների ուղղությամբ կիրառել է առնվազն 9 բալիստիկ հրթիռ։ Նշվում է, որ խոցվել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Dassault Rafale կործանիչներից մեկը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը խոցվել է Պակիստանի ՌՕՈւ F-16 կործանիչից չինական նորագույն PL-15 «օդ-օդ» դասի հրթիռով:
- Հնդկաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ իրենց զինուժը սկսել է «Սինդուր» անունը կրող հակաահաբեկչական գործողություն, որի շրջանակներում հարվածներ է հասցնում Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներին: Պակիստանյան ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։
- Արձանագրվել է BrahMos գերձայնային թևավոր հրթիռի առաջին մարտական կիրառումը։ Հնդկաստանը առնվազն նման մեկ հրթիռ է կիրառել Պակիստանի տարածքում թիրախների ուղղությամբ գիշերային հարվածների ժամանակ։
- CNN-ի տվյալներով մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի է ունեցել ժամանակակից պատմության մեջ ամենամեծ օդային մարտը: Ընդհանուր առմամբ, երկու կողմից ներգրավված է եղել առնվազն 125 կործանիչ։ Ընդ որում, ոչ մի ինքնաթիռ չի լքել իր օդային տարածքը, իսկ հրթիռների արձակումները երբեմն իրականացվել են մինչև 160 կմ հեռավորությունից։ Մարտական արդյունքը Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ կործանիչներն էին: Հաղորդվում է երեք կործանված Rafale-ի, մեկ Mirage 2000-ի, մեկ МиГ-29-ի կամ Су-30МКИ-ի մասին:
- Պակիստանը հայտարարել է, որ էսկալացիայի սկզբից ի վեր իր օդային տարածքում խոցել է Հնդկաստանին 12 իսրայելական Harop ԱԹՍ, որոնք պատկանում են Հնդկաստանի ՌՕՈՒ-ին:
- Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանի տարածքին հասցված հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 100 ահաբեկիչ:
- 8 բալիստիկ հրթիռ է արձակվել Հնդկաստանի տարածքի վրա Պակիստանի կողմից։ Հայտարարվել է, որ դրանք բոլորն էլ խոցվել են Պակիստանի օդում»։