Հայաստանը երբեք չի ճանաչել ԼՂՀ-ն. Ալմա-Աթայի հռչակագրով ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.Միրզոյան
Ես ստիպված եմ արձանագրել մի բան, որը մի կողմից հանրահայտ փաստ է, մյուս կողմից համապատասխան պաշտոնյաները մեզ տևական ժամանակ չեն ուզել ասել, երևի, որ տրամադրություններս չընկնի. Այդ փաստը հետեւյալն է. ՀՀ-ն երբեք չի ճանաչել ԼՂՀ-ն: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այն պահին, գրեթե միաժամանակ ԽՍՀՄ-ի կազմալուծմանը, Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրմամբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով: Ավելին, միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու այս հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել ԼՂ բանակցային գործընթացի բոլոր փուլերում, հենց ամենասկզբից եւ արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում, այդ թվում նաեւ Մադրիդյան սկզբունքներում:
Հիշեցնեմ՝ մադրիդյան սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն էր, մյուսը՝ ինքնորոշման իրավունքը ընկալվում էր տարածքային ամբողջականության շրջանակներում:
Ով դեռ կասկածում է, խորհուրդ կտամ կարդալ Հելսինկյան եզրափակիչ ակտի 8-րդ գլուխը, որը վերնագրված է «ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքներ»: Այս գլխում ասվում է, որ մասնակից կողմերը պարտավորվում են հարգել ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքները՝ մշտապես գործելով ըստ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, և միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում և տարածքային ամբողջականությանը վերաբերող նորմերին: Սա շատ հստակ գրված է:
Այս նույն հիմնարար սկզբունքը արտահայտված է ավելի ուշ բանակցային շրջանի փաստաթղթերում ու հայտարարություններում, այդ թվում նաև 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հայտարարության մեջ: Նույնը արձանագրված է 2024-ին օգոստոսի 30-ին ստորագրված և ուժի մեջ մտած Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխտանքային կանոնակարգում:
Այս նույն սկզբունը ներառված է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պյմանագրի համաձայնեցված տեքստում»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Տեսանյութն՝ այստեղ

