Հանրապետականի կառավարման տարիներին տուն ոտքո՞վ էիր վերադառնում, թե՞ նավով՝ ինչպես հիմա․ Դանիելյանը՝ լրագրողին

Այսօր լրագրողի կողմից հնչեցրած հարցադրումը ուղղված ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանին «Դուք ձեզ պատկերացնու՞մ եք փողոցում» ձևակերպմամբ, ոչ միայն զավեշտալի է, այլև անտեղյակության վկայություն։ ՀՀԿ-ն իր ողջ քաղաքական կենսագրության ընթացքում երբեք չի խուսափել պայքարի ճանապարհից։ Մենք եղել ենք և մնում ենք այն քաղաքական ուժը, որը դժվար պահերին միշտ կանգնել է մեր քաղաքացիների կողքին՝ արժանապատվորեն ներկայացնելով և պաշտպանելով պետական շահը։

Մեր երիտասարդների կողքին մշտապես կանգնած են եղել փորձառու քաղաքական գործիչներ, ովքեր ոչ թե առաջնորդել են հեռվից, այլ իրականում մասնակցել են թե՛ հրապարակային պայքարին, թե՛ փողոցային շարժումներին։ Դիմադրության շարժման օրերին վրան էր գալիս ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անձամբ հետևում էր գործընթացներին և ուղենշում հետագա քայլերը։

Փողոցում՝ պայքարի խրամատում, եղել են նաև մեր ընտանիքների անդամները՝ այդ թվում Տարոն Մարգարյանի որդիները և մեր բազմաթիվ հանրապետական ընկերների հարազատները։ Դա այն ժամանակն էր, երբ գործող իշխանության հրամանով ոտնահարվում էին խաղաղ քաղաքացիների իրավունքները և կիրառվում էր բռնի ուժ՝ ընդդեմ սեփական ժողովրդի (ներառյալ հատուկ միջոցներ):

Հանրապետականին հատուկ համեստության շնորհիվ Տարոն Մարգարյանը երբեք չի ընդգծում սեփական ներգրավվածությունը, սակայն արդարության համար մենք պարտավոր ենք փաստել՝ ՀՀԿ-ն փողոցում եղել է, կա և կլինի, երբ անհրաժեշտ լինի պաշտպանել հայրենիքի արժանապատվությունը։

Հ․Գ. Իսկ լրագրողին, ով հիշեցնում է Հանրապետականի կառավարման տարիները, կարելի է ուղղակի հարցնել՝ այդ տարիներին տուն ոտքով էր վերադառնո՞ւմ, թե՞ նավով՝ ինչպես հիմա և արդյո՞ք վախենում էր, որ Հայաստանը կարող է այլևս չլինել՝ ինչպես եղավ Արցախը։

 

Հենրիխ Դանիելյան