Ռուսաստանը պարտավոր է հակամարտության մեջ մտնել Հայաստանի կողմից՝ Երևանի դեմ ագրեսիայի դեպքում․ ՌՄՀԽ–ի ղեկավար
Տարածաշրջանում պահպանվող լարվածության և Ռուսաստանի կողմից դաշնակցային աջակցության վերաբերյալ հայկական հասարակության աճող սպասումների ֆոնին «Նովոստի-Արմենիա»–ն զրուցել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի (РСМД) գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեևի հետ։
Գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նա մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը նոր ռազմական սրացման դեպքում, գնահատել է Մոսկվայի համար Հայաստանի ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև անդրադարձել է ՀԱՊԿ–ի ապագային, դեպի Արևմուտք Երևանի հնարավոր վերակողմնորոշմանն ու երկու երկրների միջև ակտիվ հումանիտար համագործակցության անհրաժեշտությանը։
Տիմոֆեևը գտնվում էր Երևանում՝ «Ռուսաստանի և ԱՄՆ–ի երկխոսությունն ու հնարավոր հետևանքները եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար» խորագրով միջազգային կլոր սեղանին մասնակցելու նպատակով, որը կազմակերպել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը։
«Նովոստի-Արմենիա»․ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դուք հայտարարել եք, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի դեպքում…
Ի. Տիմոֆեև. ես նաև կընդգծեի, որ խոսքը ցանկացած երկրի մասին է, որը կիրականացնի ագրեսիա Հայաստանի նկատմամբ։ Ռուսաստանը պարտավոր է միջամտել այդ հակամարտությանը Հայաստանի կողմից։
«Նովոստի-Արմենիա»․ ի՞նչ ռազմավարական արժեք ունի այսօր Հայաստանը Ռուսաստանի համար, և արդյոք այն փոխվե՞լ է վերջին տարիներին։
Ի. Տիմոֆեև. կարծում եմ, որ դա, առաջին հերթին, մարդիկ են և մարդկային կապերը։ Արժեքը Ռուսաստանում ապրող հայերն են։ Նրանք մեր մարդիկ են, ովքեր ապրում են այստեղ։ Մենք ունենք շատ խառը ամուսնություններ, ընտանիքներ։ Մենք պարզապես պատմականորեն շատ ենք կապվել միմյանց։ Կարծում եմ՝ դրանից է պետք սկսել։ Հետո, իհարկե, կարելի է թվարկել և՛ աշխարհագրական դիրքը, և՛ քաղաքականը, և՛ ԵԱՏՄ-ն, և՛ ՀԱՊԿ-ը, և այլն։ Ինձ թվում է, որ այս ամենը կարևոր է, բայց, ամեն դեպքում, երկրորդական է։
«Նովոստի–Արմենիա»․ հայկական հասարակությունը մեղադրում է Ռուսաստանին, որ այն ավելի վճռորոշ աջակցություն չցուցաբերեց հայերին ղարաբաղյան հակամարտությունում։ Ինչպե՞ս դա կբացատրեք։
Ի. Տիմոֆեև․ դե, նախևառաջ, մեղադրում է ոչ թե ամբողջ հասարակությունը, այլ որոշակի դիտորդներ, լրագրողներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ովքեր ունեն նման տեսակետ և որի իրավունքն ունեն։ Մենք հարգում ենք այս տեսակետը։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, կարծում եմ, որ մենք դեռևս փորձում ենք մարսել Խորհրդային Միության ժառանգությունը, դրա փլուզումը, այնտեղ եղած բոլոր հակասությունների հետ միասին։ Եվ Ռուսաստանի համար այս բեռը ամենադժվարն է, քանի որ նրան անհրաժեշտ է կառուցել, ինչ-որ կերպ հավասարակշռել հարաբերությունները տարածաշրջանում, որպեսզի չստեղծվեն նոր հակամարտություններ և ինչ-որ կերպ, քայլ առ քայլ, լուծվեն կուտակված խնդիրները։ Ղարաբաղյան հակամարտությունը դրանցից մեկն էր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

