Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է ծայրահեղ աջ թեկնածուն
Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, համոզիչ հաղթանակ է տանում ծայրահեղ աջ «Ռումինացիների միավորման դաշինքի» եվրոսկեպտիկ առաջնորդ Ջորջե Սիմիոնը՝ հավաքելով ձայների 40,88%-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ երկրի Մշտական ընտրական վարչության տվյալների՝ երկրորդ տեղում է անկախ թեկնածու, Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանը, որը ստացել է ձայների 20,98%-ը։ Իշխող կոալիցիոն կուսակցությունների՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Ազգային-լիբերալ կուսակցության և Ռումինիայի հունգարացիների դեմոկրատական միության միասնական թեկնածու Կրին Անտոնեսկուն քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 20.12%-ը։
Reuters-ը հաղորդում է, որ 38-ամյա Սիմիոնը դեմ է հարևան Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը, քննադատում է ԵՄ առաջնորդությունը և նշում, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Ամերիկան կրկին հզոր դարձնել» շարժման հետ
։«Մենք թրամփական կուսակցություն ենք, որը կկառավարի Ռումինիան, և որը Ռումինիան կդարձնի ուժեղ գործընկեր ՆԱՏՕ-ում և Միացյալ նահանգների ուժեղ դաշնակիցը», – ընտրատեղամասերի փակվելուց հետո արտասահմանցի լրագրողներին ասել է Ջորջե Սիմիոնը։
Իսկ նրա մրցակից Նիկուսոր Դանը լրագրողների հայտնել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը բարդ է լինելու։
«Դա լինելու է մրցակցություն ոչ թե երկու մարդկանց միջև, այլ Ռումինիայի համար արևմտամետ և հակաարևմտյան ուղու միջև։
Մեր խնդիրն է համոզել ընտրողներին, որ Ռումինիային անհրաժեշտ է արևմտամետ ուղին, և սա կլինի մեր քարոզարշավը առաջիկա երկու շաբաթների ընթացքում», – ասել է Դանը։
Մայիսի 18-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կպայքարեն Սիմիոնը և Դանը։

