ՆԳՆ-ում Նիկոլ Փաշինյանին «քյասիբի ռադիո» չեն համարում
«Ես կարծում եմ, որ ոստիկանությունը շատ արագ արձագանքել է դեպքին, երբ արդեն առերևույթ տեսանելի էին, որ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ են տեղի ունենում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ պատասխանելով Նոր Նորքի թաղապետարանում թաղապետի ու նրա աշխատակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու դեպքին։
Հարցին՝ ոստիկանությունը ի՞նչ սկզբունքով առաջնորդվեց, երբ բերման ենթարկեց ոչ թե հարվածողներին, այլ հարվածներ ստացածին, նա ասաց. «Ոստիկանությունն արձագանքում է իր ունեցած տեղեկատվության հիման վրա, հասնում է դեպքի վայր, գնահատում է իրավիճակը, համադրում է տեղեկությունները և որոշումները կայացնում է իր ուսումնասիրություններով ստացված գնահատականներով։
Րոպեներ հետո ոստիկանության ծառայողները ներկա են եղել այնտեղ, սկզբում փորձել են ընդհանուր հասարակական կարգը պահպանել, հետո նաև, ամենայն հավանականությամբ, ուսումնասիրել են մյուս ձայնագրությունները, որոնք առկա են եղել և, բնականաբար, վարույթ է նախաձեռնվել: Այս պահի դրությամբ մենք ունենք անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված:
Այս պահին չեմ կարող ասել, թե կոնկրետ քանի հոգի է տարվել ոստիկանություն, քանի հոգի է ձերբակալվել: Համենայնդեպս, տեսաձայնագրության մեջ մեկ քաղաքացի կոնկրետ օրինական պահանջին չի ենթարկվել, կադրեր եմ ես ինքս տեսել: Կարծում եմ՝ առաջնահերթ գործողությունը ձերբակալման կատարվել է այդ անձի նկատմամբ»:
Հարցին՝ ՆԳՆ-ում Նիկոլ Փաշինյանին համարո՞ւմ են «քյասիբի ռադիո», քանի որ նա կառավարության նիստում ասել է՝ «տպավորություն է՝ քյասիբի ռադիո եմ, խոսում, խոսում եմ…», ՆԳՆ փոխնախարարն ասաց. «Ոչ, ներքին գործերի նախարարությունում չեն համարում նման բան։ Ոստիկանությունն իր ուժերի չափով փորձում է արձագանքել նմանատիպ դեպքերին, ռեսուրսի ներածին չափով է անում, առավել էֆեկտիվ աշխատելու համար ձեռնարկում են միջոցներ»։

