Ինչ մասնագիտություններ կային հայոց մեջ հնում, որ այժմ վերացել են

Ի՞նչ մասնագիտություններ կային հայոց մեջ հնում, որ այժմ վերացել են:

Նախընթաց լուրերի հանգույն տեղին է հիշել ծեծվող տղային: Այո, դա մասնագիտություն էր ու աշխատանք 15-16-րդ դարերում, երբ բռնությունը նորմալիզացված էր, իսկ ծեծը՝ կրթական բաղադրիչ:

Եվ ուրեմն հեռավոր Անգլիաներ, թագավորական ընտանիք: Արքայազնին դաստիարակել պետք էր, բայց ծեծել չէր կարելի: Փոխարինաբար կար տարեկից տղեկ, որին, երբ արքայազնը կարգապահական բնույթի սխալներ էր թույլ տալիս, կանչում էին՝ կրելու թագազնի համար նախատեսված պատիժը: Ենթադրվում էր, որ թագազնը պիտի ամոթից գետինը մտներ ու խղճի կծոցներից մեռներ՝ տեսնելով իր փոխարեն ծեծվող տղային:

Ծեծվող տղաներն, ի դեպ, չէին վարձատրվում:

Վերադառնալով մեր գել ու ոչխարներին՝ 7 պահանջված մասնագիտություն, որ առաջ կար ու հիմա չկա:

  1. Ձայնարկու կուսանք կամ լալկան կանայք

Հուղարկավորության ծեսերի ժամանակ այս կանայք վարձատրությամբ բայաթիներ էին երգում, հաճախ էլ տեղում էին հորինում լալյաց երգեր: Գլխավոր լաց ասողը կոչվում էր եղերամայր: Ի դեպ, Նարեկացին, վկայաբերելով այս կանանց, նշում է, որ հենց նրանցից է սովորել «արտասուք հոսեցնելու չափ մորմոքեցուցիչ» տողեր գրել:

  1. Դյութ

Դյութել՝ կախարդել, բառից է: Կախարդությամբ զբաղվում էին կարդալ իմացողները՝ գիրք աչքողները: Հովհան Մանդակունին առանձնացնում էր կախարդության շուրջ երեսուն տեսակ:

Դյութն «այն է, որ ձեռօք և նիւթով գործէ», այսինքն՝ ձեռքի ու զանազան նյութերի միջոցով հմայություններ իրականացնողն էր: Որպես մոգության նյութ նշվում էին գարին ու ալյուրը, ավազը, քարն ու ջուրը, «և թզով չափէ, հնչել ականջայ և մարմնոյ խաղալ»:

Դյութ կարող էին լինել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ:

  1. Թովիչ

Թովիչներն այն շնորհալի կանայք էին, որ ունակ էին հմայախոսությամբ բուժել մի շարք հիվանդություններ: Նրանց կոչում էին տվածուրիկ, քանզի համարվում էր՝ շնորհքը փոխանցվել է որևէ սրբից կամ վերևներից:

Թովիչները կարողանում էին բուժել, օրինակ, ձանձողիկը, որ բկացավ-ուռուցքն էր:

Կողացավը բուժելու համար թովիչն իր դաշույնը մերկացնում էր ու մի քանի անգամ հիվանդի կողերին քսում: Ցավն անցնում էր։

Դեղնախտի դեպքում թովիչն առանց զգուշացնելու, անակնկալ մոտենալով՝ ապտակում էր հիվանդին, այդպիսով հիվանդությունը վախենում, փախչում էր ու ազատում հիվանդին ցավից: Իբրև թե:

  1. Գրիչ

Այդպես էին անվանում հին ձեռագրերն արտագրող մասնագետներին: Գրիչները հիմնականում աշխատում էին գրչության կենտրոններում, թեև կային և այնպիսիք, որ իրենք էին գնում պատվիրատուի մոտ՝ ձեռագրելու: Նրանց անվանում էին թափառական գրիչներ:

Ասում էին՝ երբ նրանք մի կտոր հացը թրջում էին ջրի մեջ ու ուտում, անչափ գոհ էին մնում իրենց կյանքից, բայց երբ թանաքն էր վերջանում, տրտմում էին շատ:

Առավելապես հայտնի են տղամարդ գրիչները, բայց ունեցել ենք նաև տասնյակից ավելի հմուտ գրչուհիներ:

  1. Նշանադետ

Այսպես էին անվանում նշաններ դիտողներին: Իսկ նշանները քիչ չէին: Մի երկուսի մասին պատմեմ:

Ամպահմայք: Տոմարներում նշվում էր. «սեպտեմբերի 16, այսօր ամպերին նայելը առողջություն կբերի մարդուն»:

Օրահմայք: Շաբաթվա օրերից մեկը չար համարել և այդ օրը գործ բռնելուց խուսափելը:

Լուսնահմայք: Ըստ լուսնի փուլերի՝ ասում էին՝ օրը չար է, թե բարի: Օրինակ՝ նավասարդի 21-ին (օգոստոսի 31-ին) հարմար է ատամը հեռացնել։

  1. Խտրադիմա

 Հայերենում իրարից տարբերելով՝ հետևություններ անելը կոչվում էր խտրել, այստեղից էլ խտրադիման: Սա մարդու դեմքը զննելով՝ անձի էության ու բարքի մասին հարմար-անհարմար բաներ ասողն էր:

  1. Վհուկ

Ըստ Ալիշանի՝ վհուկ բառի արմատը վիհն է՝ անդունդը: Վհուկներն այն կանայք էին, որ անդունդի պես խոր-խոր տեղերից մեռյալների հետ էին խոսակցում, հարցեր տալիս ու պատասխաններ ստանում:

Ալիշանն ասում էր՝ «թերևս իրենց կանչած ոգիների պես այս չարաճճի հարցուկները վիհանման տեղերում էին բնակվում»: Եվ պատմությունից մի օրինակ ա բերում, թե ոնց ա Գրիգոր Մագիստրոսը մեղադրում Բագրատունյաց վերջին թագավոր Գագիկ Բ-ին՝ ասելով, որ վերջինս հմայության միջոցով փորձում է կախարդել և հույսը դնում է իր կողմ գրավված վհուկների վրա՝ խորհրդակցելով հետները և այլն:

Ալիշանը հումոր ա անում, ասում ա՝ բայց էս Գրիգոր Մագիստրոսի խոսքերը հասկանալու համար մի հարցուկի կարիք էլ մենք ենք զգում. Գագիկն այդքան նանրահավատ չէր, որովհետև հույն գիտուն եկեղեցականների հետ էր աստվածաբանության շուրջ վիճում։

Կից մանրանկարում ուսումնական դրվագ է: Ոչ միայն վարդապետն է ցուցափայտով, այլև աշակերտի դասընկերոջ ձեռքին ենք տեսնում ուռենու մատղաշ ճյուղեր: Տարածված խոսք էլ կար՝ «Որ ոչ լուիցէ ունկամբ, լուիցէ թիկամբ» (ով չի լսում ականջով, կլսի թիկունքով):

Մանրանկարիչ՝ Գրիգոր Խլաթեցի, 15-րդ դար

Հ. գ. …իսկ դուք ի՞նչ մասնագիտություններ եք հիշում մեզանում, որ այժմիկ էլ չկան…

Հասմիկ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից