Երկու ամիս է անցել, սակայն Եղիշե Կիրակոսյանին ՄԻԵԴ-ում փոխարինող դեռ նշանակված չէ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկու ամիս առաջ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ազատման դիմում ներկայացրեց: Նրա հեռանալու մասին լուրերը ավելի վաղ շրջանառվում էին` մոտ մեկ տարի շարունակ։ Պատճառը, ըստ հավաստի տեղեկությունների, միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումն էր, ինչին Կիրակոսյանը դեմ էր։ Վերջինիս հետ ազատման դիմում էին գրել նաև աշխատակազմի որոշ աշխատակիցներ։
2 ամիս է անցել, սակայն Կիրակոսյանին փոխարինող դեռ նշանակված չէ, նրա պարտականությունները կատարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը` նախկին դատավոր Մամիկոն Դրմեյանի որդին։ Իրավական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ հենց Դրմեյանն էլ նշանակվելու է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ։ Դրմեյանին «Հրապարակ»-ը հարցրեց իր հնարավոր նշանակման մասին, նա չպատասխանեց՝ ուղղորդելով զանգահարել գրասենյակի մամուլի քարտուղարին։
Նկատենք, որ այս գրասենյակի հետ առնչություն ունեցողները կարծում են, որ Եղիշե Կիրակոսյանին դժվար է լինելու համարժեքորեն փոխարինելը` նա այս իշխանության հետ համագործակցող սակավաթիվ գրագետ իրավաբաններից էր, ով նաև, փաստորեն, պարզվեց` սկզբունքներ էլ ունի: Իսկ գրասենյակի աշխատանքը շատ կարևոր է, քանի որ ոչ միայն Ադրբեջանի դեմ արցախցիների հայցերով է այն զբաղվում, այլև Բաքվում գտնվող գերիների հարցերով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

