Քաղաքապետարանը նախաձեռնել է դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիր փողոցներում, այգիներում և հանրային վայրերում

Երևանի քաղաքապետարանը «Հենար» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել է դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիրը փողոցներում, այգիներում և բազմամարդ հանրային տարածքներում: Այդ մասին քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:

«Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային և տեխնոլոգիական ինտեգրված լուծում։

Այս սարքերը նախատեսված են սիրտանոթային համակարգի անհետաձգելի խնդիր առաջանալու դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար և կարող են բառացիորեն փրկել կյանքեր՝ մինչև բժշկական խմբերի ժամանումը»,- գրել է քաղաքապետը:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել այս կարևոր նախաձեռնության իրականացմանը։

«Միասին կարող ենք ստեղծել Երևան, որը կլինի ոչ միայն գեղեցիկ, այլև առողջ և անվտանգ բոլորի համար»,- գրել է Ավինյանը։