Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում
Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան:
Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում:
- Ազատության հրապարակում ելույթով հանդես կգան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» և Հայաստանի պարի պետական, ինչպես նաև «Բերդ» պարային անսամբլները
- Հյուսիսային պողոտայում՝ Եվրոպայի հրապարակում, ելույթ կունենան Սոֆի Դևոյանի դպրոցի սաները
- Հանրապետության հրապարակում հանդես կգան Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության պարային խմբերը
- ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում ելույթ կունենան «Նանե դանս շոու» խմբի սաները
Ֆլեշմոբը տևելու է կես ժամ՝ ժամը 18:00-18:30: ՀՀ մարզպետարանները նախապես տեղեկացվել են միջոցառման մասին․ մարզերում ևս կգործեն պարային ֆլեշմոբի հարթակներ։
Երևանում և մարզերում կազմակերպվել են նաև պարի ուսուցման դասընթացներ դպրոցներում:
Պարին նվիրված հանրային արշավը նպատակ ունի հանրահռչակել պարարվեստը՝ խրախուսելով ազգային պարերը։ Պարային ֆլեշմոբի մասնակիցները պարելու են քոչարի և վերվերի։

