Թուրքիայում ազգերին կոդավորում են․ հույները 1-ն են, հայերը՝ 2-ը, հրեաները՝ 3-ը. թուրք պատմաբանի բացահայտումները
«Փաստինֆո»․
Թուրքիայում որևէ պաշտոնի նշանակելիս պետք է վստահ լինեն, որ նա ազգությամբ թուրք է, դա պարզելու համար հատուկ մշակված մեխանիզմ է գործում։ Թուրք պատմաբան Թաներ Աքչամն այսօր Երևանում իր՝ «Ցեղասպան պետության ակունքները» գրքի շնորհանդեսի ընթացքում պատմեց, որ իրականացվում է կոդավորում՝ գաղտնի դրոշմագրերով և գաղտնի որոշումների միջոցով։
«2013 թ-ին «Ակոս» շաբաթաթերթը հրապարակեց մի լուր, ըստ որի՝ հանրապետության հիմնադրման օրվանից յուրաքանչյուր ազգությամբ հույն անձնագրում նշվում է «1» կոդով, հայերը նշվում են «2» կոդով, իսկ հրեաները՝ «3»-ով։ Ընդ որում, եթե անգամ մարդն ընդունել է իսլամ, կրում է թուրքական անուն՝ միևնույն է պետության կողմից ինքը կոդավորված է, որով պետությունն իմանում է, որ քաղաքացին արմատներով հայ է։ Սա բացահայտվել է պատահականությամբ»։
Նա պատմել է ևս մեկ պատահականության սկզբունքով կատարված բացահայտման մասին, ըստ որի ռազմական ակադեմիա ընդունվելու համար յուրաքանչյուր աշակերտ հարցաքննվում է։ «Բացահայտված մի փաստաթղթում նշվում է, որ ռազմական ակադեմիա ընդունվել ցանկացող ոմն Սադըքի որդին Նուրիջանի ծնողները թուրքական ցեղին են պատկանում և թուրքական արյուն են կրում, երբևէ չեն կրոնափոխվել, դատական ու քաղաքական հանցագործություններ էլ չեն իրագործել, ուստի նա կարող է ընդունվել ակադեմիա։ Սա նշանակում է, որ անձը կարող է ընդունվել ռազմական ակադեմիա, միայն եթե ազգությամբ թուրք է»։
Նա նաև ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ ներկայացված են Օրդուի նահանգում բնակվող բոլոր իսլամացված հայերի նախկին ու իսլամացվելուց հետո վերցրած անուն-ազգանունները։ «Այս փաստաթուղթը արխիվում մեր ընկերներից մեկը պատահականությամբ է հայտնաբերել ու հրապարակել։ Հրապարակումից հետո այն անմիջապես վերացրել են։ Այսինքն, եթե անգամ ձեր պապի պապն ընդունել է իսլամ ու դուք չգիտեք, որ հայ եք՝ պետությունն այդ մասին գիտի և որևէ դեպքում ձեզ թույլ չեն տա ռազմական կամ քաղաքական կարիերա անել։ Այս ռասայական խտրականությունն այնքան ուժեղ է, որ անգամ եթե որևէ սպա ամուսնանա հայ կնոջ հետ, ապա դա ևս հանցագործություն կհամարվի»։
Նա նաև հրապարակել է ևս մեկ փաստաթուղթ, որը հայտնաբերել է Թուրքիայի ազգային արխիվում, ըստ որի՝ 1944 թ-ին ռազմական համակարգից հեռացրել են մի սպայի, ով ամուսնացել է հայ կնոջ հետ։ «Քրիստոնյաները Թուրքիայում որևէ կերպ չեն կարող կարիերա անել»։

