Մեր հարգանքի տուրքը մատուցելով՝ ներողություն ենք խնդրում մեր պապերի համար. քուրդ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Իրաքի քրդական ինքնավարության 9 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում են պառլամենտի պատգամավորներ և քաղաքապետներ, նաև «Քուրդ-հայկական բարեկամություն» կազմակերպության անդամները։

«Ամեն տարի մենք պատվիրակությամբ գալիս են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու, ծաղիկներ ենք խոնարհում»,-ասել է պատվիրակության անդամ, Քուրդ-հայկական բարեկամության կազմակերպության համանախագահ Հեմն Մամբրաշը:

«Մենք գիտակցում ենք նաև մեր հայրենակիցների՝ որոշակի որպես գործիք մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը: Եվ այս քայլով, մեր հարգանքի տուրքը մատուցելով՝ ներողություն ենք խնդրում մեր պապերի համար»,-ասաց նա:

Հարցին՝ ինչ դեր կարող են ունենալ քրդերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, Մամբրաշը պատասխանել է. «Դուք նկատի ունեք պաշտոնակա՞ն առումով, որովհետև ոչ պաշտոնական մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, և ամեն տարի գալիս ենք ու ծաղիկներ ենք խոնարհում: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի պաշտոնապես ճանաչվի Հայոց ցեղասպանությունը և Իրաքի կողմից, և Իրաքի քրդական ինքնավարության կողմից: Դրա համար նաև այստեղ են պատգամավորներ համապատասխան պառլամենտներից:

Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը, բայց կուզենայինք, որ Հայաստանի պառլամենտը անդրադառնա նաև քրդերի ցեղասպանությանը: Մենք հույս ունենք, որ Հայաստանը կլինի առաջին պետությունը, որը կճանաչի քրդերի ցեղասպանությունը»: