Այդ մարդիկ որպես կենդանի պատանդ մնացել են՝ ապահովելով մեր խաղաղ բնակչության դուրս գալը
«Ես ամենավերջում եմ դուրս եկել Արցախից, ընդ որում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարվելուց հետո»,- այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Լրագրողի հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել դուրս գալ Արցախից, Շահրամանյանը պատասխանել է, որ առաջիկայում կանդրադառնա այդ հարցին:
Շահրամանյանը նաև նշել է, որ տեսել է, թե ինչպես են տանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։
«Հետագայում առիթ կունենանք մանրամասն խոսել այս թեմայով: Մենք թաքցնելու բան չունենք: Այս պահին կա գործընթաց, որոնց մենք չենք ուզում խոչընդոտել կամ վնասել մեր հայտարարություններով: Հետագայում մենք առիթներ կունենաք, կխոսենք ամեն ինչի մասին:
Այն մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, հենց առաջին օրվանից, որ մենք հարց ենք բարձրացրել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը, և խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Այդ մարդիկ որպես կենդանի պատանդ, մնացել են, ապահովել են նաև մեր խաղաղ բնակչության դուրս գալը»,- ասել է ԱՀ նախագահը:
Լրագրողի հարցին, թե հնարավորություն կա՞ր չգերեվարվելու, Շահրամանյանը պատասխանել է՝ ոչ, չկար:

