Հայոց ցեղասպանություն․ ծրագրված ոճրագործություն
Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում 1915-1923 թթ. իրագործվել է մարդկության պատմության ամենամեծ ոճրագործությունը՝ պետական մակարդակով․ հայերի զանգվածային կոտորած իրենց իսկ հայրենիքում, բռնագաղթ և բռնի կրոնափոխում, այն է՝ Հայոց ցեղասպանություն: Սակայն հայերի նկատմամբ ցեղասպանական գործողություններ թուրքերն իրականացրել էին նաև նախկինում։
Հայերի զանգվածային կոտորածներն սկսվել են 1890-ական թվականներից։ 1894-1897 թթ․ սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարությունը զանգվածային ջարդեր է կազմակերպել և Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում, մասնավորապես Սասունում, Զեյթունում, Վանում՝ հայերի ազատագրական շարժումը ճնշելու և Հայկական հարցին վերջ տալու նպատակով։
Համիդյան ջարդերի հետևանքով բնաջնջվել է շուրջ 300 000 հայ, 100 000-ը՝ բռնի մահմեդականացվել, 100 000 հայ տարագրվել տարբեր երկրներ, ամայացել են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերը, սաստկացել է հայ ժողովրդի ազգային և տնտեսական ճնշումը։

Էրզրում, 1895թ. հոկտեմբերի 30 հայկական կոտորածների զոհերի հուղարկավորությունը
Համիդյան ջարդերից տարիներ անց՝ 1909 թ. կազմակերպվել է Ադանայի կոտորած, որին զոհ է գնացել շուրջ 30 000 մարդ, ավելի քան 20 000-ը՝ Ադանայի վիլայեթում։

Երեք հազարից ավելի հայ փախստականներ ապաստան են փնտրում Բախչիեի (Կիլիկիա) բողոքական եկեղեցում
Այսպիսի նախերգանք է ունեցել Օսմանյան կայսրությունում մարդկության և քաղաքակրթության դեմ երիտթուրքերի ծրագրած և կազմակերպած մեծագույն հանցագործությունը՝ Հայոց Ցեղասպանությունը, որը հետագայում ավարտին է հասցրել քեմալական կառավարությունը:
Ինչո՞ւ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:
1908 թ. երիտթուրքերի հեղափոխության արդյունքում վերականգնված Սահմանադրությունը հավասար իրավունքներ էր սահմանել Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին: Հայերը ոգևորությամբ ընդունեցին այս հնարավորությունը, սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն էլ ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ: Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում: Ցեղասպանությունը միջոց էր կասեցնելու այդ վերելքն ու ազգային առաջադիմությունը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը: Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, սակայն երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը:
Որքա՞ն մարդ նահատակվեց Հայոց ցեղասպանության ընթացքում
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Ցեղասպանության իրագործման կառուցակարգը
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագիր և դրա իրագործման ներքին կառուցակարգ (մեխանիզմ), ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն. միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:
Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000-100.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը թուրք զինակիցների կողմից: 1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած գավառային հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի տեղահանությամբ ու ջարդերով, դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման:
Հայոց ցեղասպանության վերջին փուլը իր իսկ հայրենիքում կատարված հայ ժողովրդի ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով:
LIVEnews.am
Նյութի պատրաստմանն օգտագործվել են ՀՑԹ-ի տվյալները

