Հարված է հասցվել Սումիում Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարների հավաքի վայրին. ՌԴ ՊՆ

ՌԴ զինվորականները ապրիլի 13-ին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռներով հարված են հասցրել Սումիում ուկրաինական «Սևերսկ» օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարական կազմի խորհրդակցության վայրին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունից հայտնում են, որ նպատակակետի խոցմամբ ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 60 զինծառայող։

Ինչպես նշել է պաշտպանության նախարարությունը, խիտ բնակեցված քաղաքի կենտրոնում զինծառայողների մասնակցությամբ միջոցառումներ անցկացնելով՝ Կիևը շարունակում է Ուկրաինայի բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործել:

Ի պատասխան քաղաքացիական օբյեկտների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների՝ ռուսական ուժերը պարբերաբար հարվածում են անձնակազմի, տեխնիկայի և վարձկանների տեղակայման վայրերին, ինչպես նաև Ուկրաինայի ենթակառուցվածքներին՝ պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նշել է, որ Մոսկվան փաստեր ունի, որոնք հաստատում են, որ ուկրաինացի զինվորականների հերթական «հավաքը» իրենց արևմտյան գործընկերների հետ տեղի է ունեցել Սումիի վնասված օբյեկտում։